Պուտինը և Բայդենը կհանդիպեն հուլիսից հետո առաջին անգամ

403

Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին երեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կզրուցեն տեսակապի միջոցով, հաստատել է Սպիտակ տունը։ Վերջին անգամ երկու առաջնորդները պաշտոնապես զրուցել են հուլիսի 9-ին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Ռուսաստանը լայնածավալ հարձակման է պատրաստվում Ուկրաինայում։

«Մենք չգիտենք՝ նախագահ Պուտինը որոշում կայացրե՞լ է ներխուժման վերաբերյալ։ Մենք գիտենք, որ նա ապահովում է այդ բանը սեղմ ժամկետներում անելու հնարավորությունը, եթե նման որոշում կայացվի։ Ուստի, չնայած մտադրությունների և ժամկետների հարցում անորոշություն է, մենք պետք է պատրաստ լինենք բոլո անկանխատեսելի հանգամանքներին՝ միևնույն ժամանակ աշխատելով, որ Ռուսաստանը փոխի իր ուղեգիծը»,- հայտարարել է Բլինքենը ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ռուսաստանը հետևողականորեն հերքում է նման ծրագրերը և մեղադրում է Ուկրաինային սեփական զորքերը ավելացնելու մեջ։

Շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ Բայդենը զրույցի ժամանակ մտադիր է «մտահոգություն հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական ակտիվության կապակցությամբ և վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից
Հաջորդ հոդվածըՀարձակումը՝ հունվարի վերջի՞ն