‘«Պուտինի ժամացույցը» աճուրդում վաճառվել է մեկ միլիոն եվրոյով’

3364

Մոնակոյի Antiquorum աճուրդի տունը հաղորդել է, որ հուլիսի 19-ին աճուրդում վաճառվել է  Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անունով գրանցված ժամացույց:  Թանկարժեք Patek Philippe Triple Complication մոդելի ժամացույցը գնել է անհայտ մի գնորդ:

Պլատինե կորպուսով, հավերժական օրացույցով և ոսկե թվացույցով Patek Philippe Triple  Complication  ժամացույցը չափազանց հազվադեպ մոդել է, քանի որ այն սահմանափակ քանակով են արտադրում: Ժամացույցը կարելի է ձեռք բերել միայն հատուկ պատվերով՝ հատուկ հաճախորդների կողմից :

Գնորդը ժամացույցի համար վճարել է 1,054 մլն եվրո: «Ժամացույցը վաճառված է, և մենք չենք կարող բացահայտել նրա նոր սեփականատիրոջ անունը՝ այդ տեղեկությունը գաղտնի է»,- հայտարարել է աճուրդի ներկայացուցիչը:

Այն լուրը, թե Antiquorum աճուրդի տունը վաճառքի է դնելու այդ ժամացույցը, հայտնվել էր հունիսի սկզբին ժամացույցների վաճառքի  Hodinkee  օնլայն-խանութի կայքում: Լուսանկարում պատկերված էր ժամացույցի փաստաթուղթը, որտեղ նշված էր դրա սեփականատիրոջ անունը՝ Mr Vladimir Vladimirovic Putin: Կայքի հեղինակները ենթադրել են, որ մոտավորապես մեկ միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը պատկանում է Ռուսաստանի նախագահին: Սակայն նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագորղների հարցին «Պուտինի ժամացույցի» վաճառքի մասին, այդ լուրը կեղծ է անվանել:

Փոխանցել է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Ամռանը բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եվ կրկին շանտաժ՝ պատերազմի ուրվականով’