‘Պուտինների «քաղաքակիրթ ամուսնալուծությունը» (տեսանյութ, ֆոտոշարք)’

2943

Ի տարբերություն արևմտյան քաղաքական գործիչների, որոնց անձնական կյանքը և ընտանեկան հարաբերությունները, որպես կանոն, հանրության ուշադրության կենտրոնում են, Ռուսաստանի քաղաքական գործիչները, թերևս՝ դեռ խորհրդային ժամանակների ավանդույթով, սովոր չեն դրանք ի ցույց դնել հանրությանը: Դրա համար էլ  Վլադիմիր Պուտինի և Լյուդմիլա Պուտինայի «քաղաքակիրթ ամուսնալուծության» մասին նորությունը իսկական «հայտնագործություն» էր, թեպետ շատերը, այդ թվում՝ նույն Արևմուտքի դիտորդները, վաղուց էին նման  մի բան գուշակում: Այնուամենայնիվ՝  պետք չէ հուսալ, թե նախագահը վստահության նույնպիսի ոգով կշարունակի շփվել ԶԼՄ-ների հետ: Նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չներխուժել իր շեֆի անձնական կյանքի տիրույթ:

Այս իրավիճակում մամուլին այլ բան չի մնում, քան վերհիշել և քննության ենթարկել Պուտին զույգի համատեղ կյանքը և միմյանց հետ մրցել խորաթափանցության հարցում՝ աչքի տակ պահելով պետության ղեկավարի ձեռքերը՝ արդյո՞ք տեղում է ամուսնական մատանին: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, օրինակ, նկատել է, որ ամուսնալուծության մասին  հայտարարելուց հետո (այս դարակազմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Կրեմլում բալետային ներկայացման ընդմիջման ժամանակ) Պուտինը մատանին հանել է և երկրորդ գործողությունը դիտել արդեն առանց մատանու: Իսկ Forbs-ի աչքից չի վրիպել, որ «Россия 24» հեռուստատեսության թղթակցուհու աղմկալի տեսահարցազրույցում նախագահի աջ ձեռքին դեռ այն շողշողում էր:

Պուտինների ամուսնալուծությունը դեռևս փաստաթղթերով չի ձևակերպվել, մանրամասնել է Դմիտրի Պեսկովը: «Նրանք ասել են, որ բաժանվում են, և ես չեմ կարող ասել, թե դա փաստաթղթերով երբ կձևակերպվի, բայց դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ որոշման մասին արդեն հայտարարվել է»,- РИА Новости-ին ասել է նա երեկ ուշ երեկոյան: Մամլո քարտուղարը հաստատել է, որ նախագահական զույգն արդեն որոշ ժամանակ է՝ միասին չի ապրում, բայց հրաժարվել է պատասխանել, թե արդյոք այժմ Լյուդմիլա Պուտինան կմեկնի իր հայրենի Կալինինգրադը, քանի որ ինքն «իրավունք չունի խառնվել նրա անձնական կյանքին և մեկնաբանություններ անել»:

Իհարկե, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տրված հարցազրույցում (թերթը խոսնակի հետ կարողացել է կապվել կեսգիշերին) Պեսկովը խոստովանել է, թե  չի կարող  ստույգ ասել՝ ամուսնալուծությունն արդյո՞ք փաստաթղթերով ձևակերպված է: Այն հարցին, թե առհասարակ կարիք կա՞ր այդ որոշումը հրապարակել, մամլո քարտուղարը պատասխանել է. «Դա, իհարկե, նրանց անձնական գործն է, սակայն  քանի որ խոսքը պետության ղեկավարի և նրա տիկնոջ մասին է, ապա ամեն ինչ շատ տրամաբանական է: Խոսքը, այսպես ասած՝ խոսք է բերել: Եղել է զրույց լրագրողուհու հետ, վերջինս հարց է տվել, որին և հետևել է նախագահի պատասխանը»:

Ի դեպ, հիշեցնենք, որ պետության առաջին դեմքերի ընտանեկան կյանքի փակ լինելու պատճառով 2010 թ. նույնիսկ լուրեր էին տարածվել, թե Լյուդմիլա Պուտինան  հեռացել է մենաստան: Չնայած այդ լուրերի անհեթեթությանը՝ բլոգներում այնպիսի աղմուկ էր բարձրացել, որ ՌՈՒԵ-ն ստիպված էր հերքել այդ լուրերը: Իսկ դրանից երկու տարի առաջ կայքերն առհասարակ Պուտինին «ամուսնացնում» էին մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ, որն իբր նրանից, մինչև անգամ, տղա էր ունեցել: Ընդ որում՝ արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ այս խայծը կուլ էին տվել:

Վլադիմիր Պուտինի անձնական կյանքը քննարկելու «տաբուի» խախտումը, ինչի մասին շտապեցին հայտարարել արևմտյան դիտորդները, ամենևին չի նշանակում, թե այսուհետ Ռուսաստանի նախագահի ընտանիքի մասին հրապարակային քննարկումներ են լինելու, խոստովանում է Time ամսագիրը: Այն ամենը, ինչ վերաբերում է Պուտինի անձնական կյանքին, գաղտնիք է, քանի դեռ ինքը չի խախտել լռությունը՝ նշում է պարբերականը: Հնարավոր է՝ մի քանի տարի անց Պուտինն ինքը էլի որոշ մանրամասներ հրապարակի, եթե պատրաստ լինի դրանք ներկայացնել հանրությանը, կատակով նկատում է հոդվածագիր Սայմոն Շուստերը:

Ծանոթության պատմություն. «Մենք ընկերացանք: Լյուդայի՝ իմ ապագա կնոջ հետ»

Վլադիմիր Պուտինի՝ իր անձնական կայքում տեղադրված կենսագրությունից հետաքրքրվողները կարող են իմանալ նրա ծանոթության պատմությունը Լյուդմիլա Ալեքսանդրովնա Շկրեբնևայի հետ: Նրանց ծանոթացրել է մի ընդհանուր ընկեր, երբ Լյուդմիլան, որ ներքին ավիափոխադրումների ուղեկցորդուհի էր, ընկերուհու հետ երեք օրով ժամանել է Լենինգրադ:

Ահա թե ինչպես է այդ մասին պատմում երկրի ղեկավարը. «Մի անգամ, երբ ես արդեն Պիտերում աշխատում էի առաջին ստորաբաժանումում, ընկերս զանգահարեց և ասաց, որ ինձ հրավիրում է թատրոն՝ Արկադի Ռայկինի ներկայացմանը: Ինքը տոմսերը գնել է, աղջիկներ էլ կան: Գնացինք: Իսկապես՝ աղջիկներ էլ կային: Հաջորդ օրը նորից թատրոն գնացինք: Այս անգամ ես ճարեցի տոմսերը: Ու երրորդ օրն էլ՝ նույն բանը: Նրանցից մեկի հետ ես սկսեցի հանդիպել: Մենք ընկերացանք: Լյուդայի՝ իմ ապագա կնոջ հետ»:

Ծանոթությունից երեք տարի անց Վլադիմիրը Լյուդմիլային ամուսնության առաջարկ է անում: «Ես հասկացա, որ եթե ևս երկու-երեք տարի չամուսնանամ, այլևս երբեք չեմ ամուսնանա: Թեև, իհարկե, ամուրի կյանքին սովորել էի: Լյուդմիլան դա արմատախիլ արեց»: 1983 թ. հուլիսի 28-ին նրանք ամուսնանում են:

Լյուդմիլա Պուտինան, իր հերթին, գրում է. «Ըստ երևույթին՝ Վոլոդյայի մեջ ինչ-որ բան կար, որն ինձ գրավում էր: Երեք-չորս ամիս անց ես արդեն որոշեցի, որ նա հենց այն մարդն է, ով ինձ պետք է»:

Նման բան չի եղել 316 տարի. նախկին կնոջը, որից «բաժանվել է» ռուսաստանյան առաջնորդը, փակել են մենաստանում:

Վլադիմիր Պուտինի և Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծության լուրը ստիպեց պատմությունից այլ օրինակներ վերհիշել, թե ինչպես են ռուսաստանյան պետության ղեկավարները բաժանվել իրենց կանանցից: Իրականում նման բան չի եղել համարյա թե երբեք. որպես կանոն՝ եթե իշխող զույգի հարաբերություններում սառնություն էր մտնում, ապա նրանք, «պատշաճությունից» ելնելով, միևնույն է՝ առերես պահպանում էին ամուսնությունը: Իսկ հին ժամանակներում ռուս ինքնակալները պարզապես ազատվում էին ատելի դարձած կանանցից:

Ռուսաստանյան վերջին տիրակալը, որը պաշտոնապես հայտարարել է իր ամուսնալուծությունը, եղել է Պետրոս Առաջինը: 1697 թ. նա,  Եվրոպայում եղած ժամանակ, այնտեղից կարգադրություն է ուղարկում. իր կնոջը՝ Եվդոկիա Լոպուխինային, որի հետ դեռ պատանի հասակում ցարին ստիպել է ամուսնանալ մայրը՝ Նատալյա Նառիշկինան, ուղարկել մենաստան: Սա հավասարազոր էր ամուսնալուծության:

Եվդոկիան ընդդիմանում է, խնդրում, որ պատրիարքը միջնորդի իր համար, բայց ապարդյուն: Վարկածներից մեկի համաձայն՝ Պետրոսն սկզբում ցանկացել է մինչև իսկ մահապատժի ենթարկել կնոջը, սակայն հետո, այնուամենայնիվ, հակվել է իր խնդրի ավելի «քաղաքակիրթ» լուծման տարբերակին: 1698 թ. Եվդոկիային պահակախմբի ուղեկցությամբ  հասցնում են Սուզդալ-Պոկրովսկի վանք, ուր, ավանդույթի համաձայն՝ աքսորում էին թագուհիներին, և միանձնուհի ձեռնադրում, տեղեկանում ենք, մասնավորապես, «Պետրոս Մեծը և նրա ժառանգները» գրքից:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում այսօր սգո օր է. Աֆղանստանում 7 վրացի զինծառայող է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» 40 միլիոն եվրոյի դիմաց բաժանվեց իր երկրորդ առաջատար խաղացողից’