‘Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների առջև’

931

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) բաց է ԱՊՀ այն երկրների առջև, որոնք առայժմ այնտեղ չեն մտել:

«Մենք բաց ենք նաև Անկախ պետությունների համագործակցության մյուս երկրների առջև», հավաստիացրել է Պուտինը ռուսաստանցի դիվանագետների հետ հանդիպմանը:

«Սերտ բարեկամական կապերի հաստատումը, հարևանների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը՝ սրանք Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային, ռազմավարական ուղղություններն են, որոնք նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա հիշեցրել է մայիսի 29-ին Աստանայում ստորագրված Պայմանագիրը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ, որը «խորհրդանշում է մեր փոխգործակցության որակապես նոր աստիճանը»: «Եվրասիական տարածքում ստեղծվում է հզոր, բիզնեսի ու գործարարների համար գրավիչ տնտեսական զարգացման կենտրոն, ձևավորվում է ընդհանուր շուկա»,- հավելել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ նոր կազմավորումն «օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ  գործընկերների շրջանում:  Մասնավորապես, շուտով այդ Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցությունները նույնպես « առաջընթացի փուլում են»,- ասել է Պուտինը: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյանների շենքի ֆասադն ապամոնտաժվեց’
Հաջորդ հոդվածը‘Երևանում մեկնարկում է «Իմ Հայաստան» II համահայկական փառատոնը’