‘Պուտին. Իրանը մեր հարեւանն է, որի հետ հարաբերությունները պետք է խորացնել’

734

Իրանը Ռուսաստանի համար առաջնային գործընկեր է, ռուսաստանյան եւ արտասահմանյան լրագրողներին տված ամենամյա ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իրանը մեր հարեւանն է, որի հետ ունենք համատեղ ծրագրեր, եւ հարաբերությունների խորացումը մեր ընտրությունն է», — ասել է Պուտինը` պատասխանելով իրանցի լրագրողի հարցին:

Խոսելով Իրանի միջուկային խնդրում արեւմտյան երկրների մասնակցությամբ գրանցված առաջընթացի մասին՝ Պուտինը նշել է, որ այդ հարցում իր լուրջ դերակատարությունն ունի նաեւ Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ առանց Եվրոպայի, ԱՄՆ եւ Չինաստանի համատեղ ջանքերի, առաջընթաց գրանցել չէր հաջողվի ոչ Իրանի, ոչ էլ Սիրիայի հարցում:

Ըստ Պուտինի, Օբամայի վարչակազմը, չնայած ներքին ճնշումներին, Իրանի հետ պետք է շարունակի բարելավել հարաբերությունները` միաժամանակ միջազգային գործընկերների հետ միասին ապահովելով Իսրայելի անվտանգությունը:

ՌԴ առաջնորդը նշել է նաեւ, որ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներն անարդյունավետ են:

«Իրանի ժողովուրդը եւ իշխանությունները պետք է հնարավորություն ունենան տեխնիկական զարգացում ապրել, այդ թվում` «խաղաղ ատոմի» զարգացման միջոցով:  Այս հարցում խտրական մոտեցում չպետք է լինի», — նշել է Պուտինը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի ուրուգվայցի Գրիգորիո Պերեսը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի 15 միլիարդը և Հայաստանից խլված ունեցվածքը’