‘Պռոշյանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ա.Մուրադյանը. Դաշնակցական թեկնածուն ահազանգում է ընտրակաշառքի մասին’

1339

Կոտայքի մարզի Պռոշյան համայքնում ավարտվել են համայնքի ղեկավարի ընտրությունները:

Նախնական արդյունքերով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը՝ստանալով 1310 ձայն: Առաջադրված մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքել է 1240 ձայն, իսկ Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ: Այս տվյալները հաղորդում է tert.am-ը:

Ըստ աղբյուրի՝ 26/01 ընտրատեղամասում ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը հավաքել է 689 ձայն, ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակաանը` 535 ձայն, իսկ Ալեքսան Ալեքսանյանը` 89 ձայն: Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ:

26/02 ընտրատեղամասում Արթուր Մուրադյանը ստացել է 621 ձայն, Վովա Սահակյանը 705, իսկ Ալեքսան Ալեքսանյանը՝ 89: Անվավեր է ճանաչվել 53 քվեաթերթիկ:

3988 ընտրողներից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 2800-ը:

Իր հերթին yerkir.am-ը բերում է հետևյալ տվյալները. քվեարկելու իրավունք ունեցող 3991ընտրողներից ընտրություններին մասնակցել են 2799-ը: Քվեարկության արդյունքներով` թեկնածուներին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արթուր Մուրադյանի օգտին գրանցվել է 1317 քվե, Վովա Սահակյանի օգիտն` 1250 քվե, Ալեքսան Ալեքսանյան` 178 քվե: Անվավեր է ճանաչվել 61 քվեաթերթիկ:

Պռոշյան համայքնում գործել են ընտրական երկու տեղամասեր: Կայքը Նշում է, որ ընտրատեղամասերում ընտրություներն ընթացել են առանց արտառոց դեպքերի ու միջադեպերի. չնայած` խոսակցություններ կային, որ տեղամասերից դուրս տիրում է վախի մթնոլորտ, բաժանվում է ընտրակաշառք եւ այլն:

Նշենք, որ ավելի վաղ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածո ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել էր. «Փողը բաժանել վերջացրել են, երեկ գիշեր են բաժանել: Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»,- ասել էր գյուղապետի թեկնածուն:

Ինչպես հայտնի է Պռոշյանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին հենց գյուղապետարանի շենքի դիմաց ապրիլի 2-ին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանությունից հետո, ինչը գյուղում մեծ լարվածության առաջացրեց։ Մրցող երեք թեկնածուներից մեկը՝ ինքնաառաջադրված Վովա Սահակյանը Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունն էր վայելում, մյուսը ինքնաառաջադրված հանրապետական Արթուր Մուրադյանը նախորդ՝ սեպտեմբերի 23-ին ընտրություններում Հրաչ Մուրադյանի հիմնական հակառակորդն էր, իսկ երրորդը անկուսակցական գիտաշխատող Ալեքսան Ալեքսանյանն էր։

Իր հերթին «Ազատություն» ռ/կ-ը հայտնում է, որ ընտրական գործընթացում միջադեպեր, բախումներ չեն արձանագրվել, բայց Հրաչ Մուրադյանի ընտանիքում որոշակի կասկածներ կային ազատ և արդար ընտրության վերաբերյալ։

«Կեղծիքներով է, երեկ արդեն փողը բաժանել են, մենք գիտենք, որ բաժանել են, գիշերը ժամը 12-ից մեկը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց սպանված գյուղապետի եղբայր Իսրայել Մուրադյանըч հավելելով, որ իրենք փորձել են գնալ այդ հետքերով, սակայն բնակիչները ոչինչ չեն ասել։

Թեկնածու Վովա Սահակյանը ևս ահազանգում է ընտրակաշառքի և ընտրողներին ուղղորդելու մասին՝ նշելով, որ ընտրատեղամասերում այսօրվա հանգիստ մթնոլորտը չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ընտրողներին ուղղորդողներն իրենց անելիքը նախօրեին են արել, տեղամասերից դուրս։ 

Նախորդ հոդվածը‘Պետք է անհապաղ գործի գցել համապատասխան սահմանադրական մեխանիզմները’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն առաջին «տիտղոսն» է նվաճել Գերմանիայում (հարզազրույց)’