‘Ջանի Ինֆանտինո. «Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների»’

1106

ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոն պատմել է ֆուտբոլում երկրպագուների դերի, նոր տեխնոլոգիաների և Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու մասին։

-Մանկությանս տարիներին ինձ ֆուտբոլի վիրուսով վարակել են ծնողներս, հայրս։ Ես խելագար երկրպագու էի և ամենուր հետևում էի իմ թիմին, իսկ հանդիպումներին գնալիս հագնում էի ջինսից տաբատ ու իմ ամենավատ վերնաշապիկը։ Իսկ հիմա, երբ հանդիպման եմ հետևում, պետք է կոստյում և փողկապ կրեմ։

Կարծում եմ՝ դա փոխել է պետք։ Ֆուտբոլի առաջնորդները պետք է ավելի շատ երկրպագու լինեն և ավելի քիչ քաղաքական գործիչ։ Եթե բոլորս հիշենք, որ սկսել ենք որպես ֆուտբոլի երկրպագուներ, խաղը շատ ավելի լավը կդառնա։

Երբ խաղում էիք, ո՞ր դիրքում էիք գործում։

-Սովորաբար ես պահեստայինների նստարանին էի լինում։ Դուք տեսել եք ինձ փետրվարի 29-ին՝ մեր խաղի ժամանակ, և գիտեք՝ ինչու (ծիծաղում է)։ Ինձ դուր էր գալիս հարձակման գծում խաղալը, միայն թե շատ գոլեր չէի խփում։

Խաղում էի միայն նրա համար, որ մայրս լվանում էր տեղական թիմի մարզաշապիկները։ Դա ինձ թույլ էր տալիս ժամանակ առ ժամանակ դաշտ դուրս գալ, երբ մեր թիմը հաղթում էր, և ես չէի կարող որևէ բան փչացնել։ Ու ամեն դեպքում ես շատ էի ուրախանում, երբ երիտասարդ տարիներիս խաղում էի, հիմա էլ եմ ուրախանում։

Ի՞նչ մտքեր ունեք Աշխարհի առաջնության վերաբերյալ։

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնման կողմնակից եմ։ Կարծում եմ՝ 40 թիմի մասնակցությունն ամենալավ տարբերակն է։ Դա ՖԻՖԱ-ի անդամ երկրների ընդամենը 19 տոկոսն է։ Դա այնքան էլ մեծ թիվ չէ, եթե համեմատենք մայրցամաքային եզրափակիչ մրցաշարերի հետ, որոնք ընդգրկում են թիմերի 30-100 տոկոսին։ Մենք ութ երկրների իրավունք կտանք մասնակցելու մրցաշարին, սակայն ավելի մեծ թվով երկրների հնարավորություն կտանք երազելու դրա մասին։

Հնարավորություն կա՞ օգտագործելու նոր տեխնոլոգիաներն ու հանդիպման ընթացքի վրա մեծ ազդեցություն չունենալու։

— Որոշակիորեն։ Տեխնոլոգիաները զարգանում են ու ավելի լավը դառնում։ Եթե մենք ուզում ենք մրցավարներին որոշ չափով օգնություն ցույց տալ, որ նրանք կարողանան ճիշտ ու արդար որոշում կայացնել, դա էլ իր տեսակով խաղի թափանցիկությանը, բաց լինելուն կնպաստի։ Մենք պետք է ի վիճակի լինենք ընդունելու դա։

Շատերն են կարծում, որ ՖԻՖԱի ու ֆուտբոլի սովորական երկրպագուների միջև անդունդ կա։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

— Ես կուզենայի ասել նրանց. «Վստահե´ք մեզ, վստահե´ք ինձ, քանի որ ես էլ եմ երկրպագու»։ Ես հենց այնպիսին եմ, ինչպիսին նրանք են, ես սիրում եմ ֆուտբոլ։ Գիտեմ, թե ինչ է նշանակում շաբաթ առ շաբաթ հետևել սիրելի թիմին խաղը նայելու համար, քանի որ բազմիցս այդպես եմ արել։

Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների։ Մեզ պետք են ֆուտբոլիստներ ու երկրպագուներ։ Կարծում եմ՝ այդ հասկացությունները չափազանց երկար են արտեսվել։ Եկել է ժամանակը դա փոխելու և երկրպագուներին ընդգրկելու այն ամենում, ինչ մենք անում ենք,-ասել է Ինֆանտինոն։

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն գումարի, այլև երկրպագուների մասին»’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն երկու ժամով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը ‘