‘Ջեբ Բուշը դուրս է եկել նախագահական ընտրապայքարից’

1223

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը, որ հաղթել է Հարավային Կառոլինայում հանրապետականների փրայմերիզում, հայտարարել է, որ ինքը կապ չունի իր մրցակցի՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հետ: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

«Չգիտեմ, թե ինչն է նրան վերջ տվել»,- հայտարարել է Թրամփը: Նա նշել է, որ Բուշը ամբողջ ուժով պայքարում էր, սակայն դա նրա համար այնքան էլ հարմար ժամանակահատված չէր: Թրամփը նաև նշել է, որ Բուշը շատ խելացի է, ու գովել է նրա վերջին մի քանի հարցազրույցները, սակայն քննադատել է նրա նախընտրական տեսահոլովակները, որտեղ ինքը՝ Թրամփը, բացասական լույսի ներքո է ներկայացվում:

Հանրապետականների կողմից նախագահի պաշտոնի ֆավորիտը նաև խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավը բավական կոշտ մրցություն է, դրա համեմատ՝ անշարժ գույքի ոլորտում իր բիզնեսը «շատ ավելի հեշտ բան է»:

Փետրվարի 20-ին Ջեբ Բուշը որոշեց դուրս գալ Սպիտակ տան համար պայքարից: Այդ մասին նա հայտարարեց Հարավային Կառոլինայում հանրապետականների փրայմերիզի արդյունքները հայտնի դառնալուց հետո, որտեղ հաղթել էր Դոնալդ Թրամփը:

Թրամփն ու Բուշը բազմիցս իրար հասցեին կոշտ արտահայտություններ են արել: Հունվարի 28-ին կայացած բանավեճի ընթացքում Բուշը Թրամփին անվանել է «թավշե արջուկ», դեկտեմբերի 20-ին, մեկնաբանելով Թրամփի դիրքորոշումը կանանց և լատինաամերիկացիների նկատմամբ, Բուշը հայտարարել է, որ Թրամփը ոչնչություն է: Իսկ դրանից մեկ օր առաջ միլիարդատերն իր Twitter-ում գրել է. «Վերջին բանը, որի կարիքն ունի մեր երկիրը՝ ևս մի Բուշ է: Քարի պես բութ»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ժան-Բեդել Բոկասան՝ մեծ մարդաս(կ)երը’
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայի քաղաքացիները քվեարկել են չորրորդ ժամկետով Մորալեսի վերընտրության դեմ’