‘Ջեյմս Ուորլիքը ողջունել է ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը’

1122

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հայտարարությունը Բաքվում գոհացրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում.

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերի կոչը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Մինսկի խմբի համանախագահը:

Բուրկհալտրը տարածաշրջան պաշտոնական այցի առաջին օրը ժամանել էր Բաքու, որտեղ նա կոչ էր արել ակտիվացնել խաղաղ բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա շեշտել էր, որ քայլ առ քայլ պետք է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահի գնահատմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել բանակցությունները:

Բուրկհալտերը ափսոսանք էր հայտնել, որ հրադադարի կնքումից 20 տարի անց էլ շփման գծում շարունակվում են միջադեպերը: Նա կողմերին կոչ էր արել չխախտել հրադադարի համաձայնագիրը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն միջադեպերի հետաքննության համար, հասարակությունների մեջ արմատներ գցվեն հետագա երկխոսության և փոխվստահության հաստատման համար: Բուրկհալտերը կրկին շեշտել է, որ շվեյցարական կողմը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու համոզված է, որ խնդիրը պետք է կարգավորվի միայն այդ կառույցի շրջանակում: 

Նախորդ հոդվածը‘Կամերունի հավաքականի վերջնական հայտացուցակը’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Հոլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը ‘