‘Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկը» կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում’

1052

Ղարաբաղյան պատերազմի դեպքերը տեղ են գտել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում: 80 րոպե տեւողությամբ ֆիլմի սցենարը ի սկզբանե գրվել է Առնոլդ Աղաբաբովի կարճամետրաժ ֆիլմի համար` 96-97 թթ-ին, բայց չխախտելով Աղաբաբովի դրաման` ֆիլմի սցենարիստներ Ջիվան Ավետիսյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, առաջ են քաշել եւս 2 հերոսի ճակատագիր`այս անգամ արդեն լիամետրաժ ֆիլմ ստեղծելու համար:

Գլխավոր հերոսները 3-ն են` 14 տարեկան պատանիներ, ըստ այդմ ֆիլմն էլ 3 մասից է բաղկացած. Արամ` սոնետ, Աստղիկ` էլեգիա, Թեւանիկ` ասք: Ֆիլմում ներգրավված են 30-ից ավելի դերասաններ, որոնց թվում են Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Արա Սարգսյանը, Կարեն Ջհանգիրովը, Արթուր Մանուկյանը: Այժմ «Թեւանիկ» ֆիլմի աշխատանքները հետարտադրական փուլում են: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա մայիսին, մինչեւ Կաննի կինոշուկայում ներկայացնելը: «Թեւանիկ» ֆիլմի համաարտադրողներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, լիտվական «Արտբոքս» կինոընկերությունը եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:

Աղբյուրը` kinetoon.com 

Տեղեկանք. Կինոշուկաները անց են կացվում տարբեր երկրներում` կինոթատրոններին կինոկոնտենտներ վաճառելու նպատակով: Միջոցառումները կարող են ունենալ ինչպես լոկալ, այնպես էլ` միջազգային բնույթ: Օրինակ`Կաննի միջազգային փառատոնի շրջանակներում կայանում է Կաննի միջազգային կինոշուկան: Կինոշուկաների շրջանակներում անց են կացվում տարբեր կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ պրեզենտացիաներ, որոնք նախատեսված են ինչպես կինոթատրոնների սեփականատերերի, այնպես էլ` լրագրողների համար: Կինոշուկայի ընթացքում ընկերությունները ներկայացնում են իրենց ֆիլմերը, ինչի արդյունքում կինոթատրոնների սեփականատերերը կարող են հաշվարկել իրենց շահույթը այն դեպքում, եթե գնեն ֆիլմի պատճենը: Հաճախ հենց տեղում կնքվում են պայմանագրեր:

 

Նախորդ հոդվածը‘Գողացել են Հովհաննես Պողոս 2-րդ պապի արյան նմուշով սրվակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ե.Աբգարյան. Արեւմուտքի այսօրվա անատամ խաղաղասիրությունը նման է անցյալ դարի 30-ական թվերի Չեմբեռլենի «խաղաղասիրությանը»’