‘Ջհանգիրյանը Մարտի 1-ի մասին. Մաքրենք այդ խարանը Հայաստանի ճակատից’

1881

Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը ԱԺ-ում:

«Մի քանի օրից լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 8-րդ տարելիցը: Այդ օրը Երևանի կենտրոնում գնդակահարվեց առնվազն 10 քաղաքացի (այդ թվում երկու զինծառայող):

Մինչ օրս պատասխանատվության չի կանչվել սպանություն կատարած որևէ անձ: Էլ չենք խոսում խաղաղ ցուցարարների ջարդը կազմակերպած, բանակն ու ապօրինի զինված կազմավորումները  քաղաքական  գործընթացներին  ներգրավված,  խաղաղ  բողոքի  ակցիաների  մասնակիցների   վրա  կրակ  արձակելու  հրաման  տված  պետական,  զինվորական ու ոստիկանական բարձրագույն պաշտոնյաների  պատասխանատվության մասին:

Կատարված սպանությունների փաստերով հարուցված գործերը մոտ 6 տարի, անպտուղ «քննվեցին» մեկ քննչական խմբի կողմից, մեկ վարույթում, երկու տարի էլ նույնքան անարդյունք «քննվում են» տարբեր քննիչների կողմից, առանձին վարույթներում:

Չնայած դրան, քրեական գործի շրջանակներում այդպես էլ քննության առարկա չդարձան Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերի ներգրավվման օրինականության, ապօրինի զինված խմբերի մասնակցության, հանցավոր խմբավորումներին զենքով ու հանդերձանքով սպառազինելու և շատ ու շատ այլ հարցեր:

Թեև սպանությունների գործերով վարույթները պաշտոնապես կասեցված չեն,  հանցագործությունների բացահայտմանը ուղղված քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ ու միջոցառումներ վաղուց փաստացի չեն կատարվում:

Քաղաքական մեծամասնությունը մերժեց, իր կողմից նախապես խոստացված, Մարտի 1-2-ի իրադարձություններին իրավապահ մարմինների գործողությունների ու որոշումների հիմնավորվածության և օրինականության ուսումնասիրման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Կոնգրես խմբակցության նախաձեռնությունը:

Իշխող քաղաքական ուժի ջանքերով տապալվեց նաև «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու մասին» մեր խմբակցության մշակած  ՀՀ օրենքի նախագիծը, որով այլոց հետ փոխհատուցում կստանային նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները:

Մարտի 1-ի գործերով ՀՀ  գլխավոր դատախազի «սայլը տեղից շարժելու» չիրականացված խոստումից հետո, զոհերի ծնողներն ու հարազատները իսպառ կորցրեցին հավատը մեր իրավապահ համակարգի նկատմամբ: Նրանք ինչ-ինչ հույսեր դեռևս փայփայում են կապված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ:

Սիրելի հայրենակիցներ

Պետությունը չի կարող չհետապնդել, չպատժել սպանությունները, ինչպիսի դրդապատճառներով և ու կողմից էլ որ դրանք կատարված լինեն:

Հանուն մեր երկրի ապագայի, եկեք մաքրենք այդ խարանը Հայաստանի Հանրապետության ճակատից»:

Նախորդ հոդվածը‘«ԱԺ-ն թաղ չէ, ԱԺ-ն Թոխմախ չէ». Լրագրողների բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահին՝ քվեարկության արդյունքները կեղծելու համար’