‘Ջհանգիրյան. Գործադիրը, ԱԺ թողտվությամբ, յուրացրել է օրենսդիր իշխանության մի ստվար հատված’

967

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ խեղաթյուրելով Սահմանադրության էությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը Կառավարությանն է զիջել ԱԺ օրենսդրական գործառույթների ճնշող մասը:

Պատգամավորի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունը իրականացնում է Ազգային ժողովը»: Այս նորմից հետևում է նաև, որ օրենսդիր իշխանության իրականացումը ԱԺ-ի բացառիկ լիազորությունն է: Ուստի արգելված է վերջինիս պատվիրակումը որևէ այլ մարմնի: Վկայակոչված նորմից բխում է, որ ԱԺ-ը ոչ միայն օրենքներ ընդունող, այլև օրենսդրական քաղաքականություն մշակող, այն կյանքի կոչող միակ պետական մարմինն է:

Չնայած ԱԺ-ի նախորդ գումարման համեմատ, հինգերորդ գումարման անցած նստաշրջանների ընթացքում ընդունված պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունների բաժինը,  ըստ ParliamentMonitoring-ի տվյալների, զգալիորեն աճել է (մոտ 13%-ով), այնուամենայնիվ, ընդունված օրենքների մեջ կառավարության նախաձեռնություններինը  բացարձակ մեծ է: Սա՝ քանակական առումով:

Վիճակը առավել մտահոգիչ է նախաձեռնությունների բովանդակային, որակական գնահատման պարագայում: Պատգամավորների հեղինակած նախագծերը, մեկ-երկու բացառությամբ, որպես կանոն՝ ոչ  մեծ ծավալի,մեծի մասամբ խմբագրական բնույթի այս կամ այն օրենքում փոփոխությունների առաջարկներ են, որոնք  կարգավորման հարաբերությունների վրա էական  ազդեցություն  չեն գործում:

Փաստորեն, օրինաստեղծ ողջ աշխատանքը՝ սկսած իրավական կարգավորման առաջնահերթությունների սահմանումից, ոլորտների բարեփոխումների հայեցակարգերի մշակումից՝ մինչև հիմնարար օրենքների  և օրենսգրքերի նախագծերի պատրաստում, իրականացնում է գործադիր իշխանությունը:

Մենք հաճախ ականատես ենք, թե մեծամասնության առավել համարձակ և հմուտ պատգամավորները նախագծերի վերաբերյալ ինչպիսի սկզբունքային դիտողություններ են ունենում, կառավարության ներկայացուցիչներից խրոխտ պահանջում փոխել, լրամշակել նախագիծը, բայց բավական է, որ գործադրի  ներկայացուցիչը պնդի կառավարության տարբերակը՝  համակերպվում են ու կողմ են քվեարկում:

Իշխող կոալիցիայի մեր ընկերները այս վիճակը բացատրում են նրանով, թե կառավարությունում իրենց համախոհների նույն թիմն է աշխատում, և զարմանալի ոչինչ չկա:

Զարմանալի է, որ մեծամասնության՝ օրենսդրական աշխատանքի հմտություններ ունեցող գործընկերները գերազանցապես կենտրոնացված են գործադիր իշխանությունում, երբ պարզ տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է ներկայացված լինեին օրենսդիր մարմնում:

Ակնհայտ է, որ  գործադիրը, ԱԺ-ի թողտվությամբ,  յուրացրել է օրենսդիր իշխանության մի ստվար հատված, եթե ողջ ամբողջը, և ինքն է թելադրում կամ  սահմանում խաղի այն կանոնները, որոնցով իսկ իրենք էլ գործում են: Մինչդեռ, այս պարագայում խեղաթյուրվում, նենգափոխվում է Սահմանադրության էությունը, իշխանությունների  բաժանման տրամաբանությունը, համաձայն որի՝ ԱԺ-ն է ձևավորում և՛ գործադիր իշխանությունը, և՛ նրա համար գործունեության շրջանակ ու կանոններ սահմանում:  

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Կառավարությունից պահանջում է գազի գնի վերաբերյալ սպառիչ պարզաբանում տալ’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն’