‘Ջհանգիրյան. «Դատախազության մասին» օրենքը փոխելու գաղափարը լավն է, խմբագրությունը՝ կաղում է’

810

Այսօր ԱԺ-ում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, (հեղինակներ Դավիթ Հարությունյան, Գալուստ Սահակյան, Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան, Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան) ելույթ ունեցավ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում դատախազության պետական մարմնի դերի, կարգավիճակի հարցը մեկ անգամ արդեն քննարկել է եւ ինքը ասել է, որ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո գլխավոր դատախազի սահմանադրա-իրավական կարգավիճակը փոխվել է. եթե մինչ այդ՝ 1995 թվականի Սահմանադրությամբ, դատախազը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ՝ նախագահի կողմից, ապա հիմա նշանակվում է նախագահի ներկայացմամաբ՝ ԱԺ-ի կողմից: Այսինքն, նրա խոսքով, դատախազը դարձել է 2 առաջնային մանդատներ ունեցող մարմինների կոմպրոմիսի արդյունքում նշանակվող պաշտոնատար անձ: «Սա ամենակարեւորն է: Ցավոք սրտի, տարի առաջ մեծամասնությունը իմ տեսակետը չէր ընդունում, բայց ոչինչ, մեկ տարի հետո հետ են եկել այս նախագծով այս նույն տեսակետից: Այս տեսակետից գաղափարը ողջունում եմ, որ ի վերջո մենք հասկացել ենք, որ եթե ԱԺ-ն նշանակում է Գլխավոր դատախազին, նա չի կարող որեւէ առնչություն չունենալ դատախազի գործունեության հետ»,- նշեց Ջհանգիրյանը:

Անդրադառնալով նախագծում նշված այն դրույթին, ըստ որի դատախազության գործունեության հետ կապված հաղորդումը ուղարկվում է բոլոր հանձնաժողովներին, բայց չկա գլխադասային հանձնաժողով, Ջհանգիրյանն իր անհամաձայնությունը հայտնեց՝ հավելելով, որ բոլոր հանձնաժողովներին դնելով նույն հարթության մեջ՝ բերում են ծիծաղելի վիճակի: «Պետք է լինի գլխադասային հանձնաժողով եւ այն պետք է եզրակացություն ներկայացնի, դա անվիճելի է: Գաղափարը լավն է, բայց խմբագրությունը կաղում է»,- հայտարարեց Ջհանգիրյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Իրավունքի նվաճման երթ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը խոստանում է գազի հարցերով խորհրդարանական քննարկում կազմակերպել’