‘Ջհանգիրյան. Երկրի ամենամեծ խնդիրը այն է, որ գործադիրը յուրացրել է իշխանության մնացած թեւերը (Տեսանյութ) ‘

1302

Հայաստանում խնդիրը ոչ թե օրենսդրության անկատարության մեջ է, այլ գործող օրենքները պատշաճ չկիրառելու, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, Ջհանգիրյանը նկատել է, որ այսօր էլ գործող Սահմանադրության տասնյակ հոդվածներ չեն գործում:

«Գործող՝ 2005 թվականի Սահմանադրությունը ավելի է ուժեղացրել խորհրդարանը եւ ավելի է անկախացրել կառավարությանը, եթե համեմատենք 1995 թվականի Սահմանադրության հետ: Խոսենք Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների մասին՝ լսումներ, ժամանակավոր հանձնաժողովներ եւ այլն: Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է այդ վերահսկողական լծակները օգտագործելուց, իսկ հիմա, եթե Աստված չանի մենք անցնենք խորհրդարանական համակարգի, ի՞նչ է լինելու, այդ վերահսկողական լիազորությունները տասնապատկվելու են», — նշել է նա:

Ջհանգիրյանի խոսքով, ՀՀԿ-ը բազմիցս հայտարարել է, որ կողմ է կիսանախագահական այս գործող համակարգին:

«Սրանից կարելի է ենթադրել, որ այդ փոփոխության ենթատեքստը այլ է, իրականում այս համակարգից այն համակարգ անցումը չէ, որովհետեւ այդ համակարգը չի աշխատում տիրող քաղաքական ուժի մեղքով, որը յուրացրել է բոլոր իշխանությունները: Մեր երկրի ամենամեծ խնդիրը այն է, որ գործադիր իշխանությունը յուրացրել է եւ՛ օրենսդիր իշխանությունը, եւ՛ դատական իշխանությունը: Մեր կառավարման համակարգի թերությունը չէ, որ մենք այս վիճակում ենք», — ասել է պատգամավորը:

Հաղորդման ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը իր կարծիքն է հայտնել նաեւ ներկայումս ընթացող մի քանի հայտնի դատական գործընթացների վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Մեկը մյուսին հաջորդող դիվանագիտական ձախողումներ’
Հաջորդ հոդվածը‘Տեխնիկական խնդիրների պատճառով iLur-ը չէր թարմացվում ‘