‘Ջհանգիրյան. Ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում սուրհանդակային զինվորական կապը’

1013

Ազգային ժողովում 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՊՆ նախարարի տեղակալ Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե մինչեւ այս համաձայնագրի վավերացումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվել այդ սուրհանդակային զինվորական կապը: Արա Նազարյանը նշեց, որ այդ հարցը կարգավորվում է 1996թ. հունվարի 26-ին ստորագրված՝ ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ միջպետական ռազմական փոխադրումների մասին համաձայնագրով: «Այն ավելի ընդհանրական բնույթ է կրում, իսկ ներկայումս ավելի կանոնակարգվում է՝ առանձնահատկություններից ելնելով»,- ասաց Նազարյանը:

Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց ավելի մանրամասնել այդ առանձնահատկությունները: Ի պատասխան՝ Արա Նազարյանը նշեց, որ տարվա մեջ առնվազն 4 անգամ լինում են պաշտպանության նախարարների խորհրդի նիստեր, նաեւ ԳՇ պետերի խորհրդի նիստեր, տեղի են ունենում սպառազինության գծով, ինժեներական, ռադիոէլեկտրոնային գծով ղեկավարների խորհրդի նիստեր, եւ այս պրոցեսում փաստաթղթեր կան, որոնք քննարկվում են ՀԱՊԿ շրջանակում, սակայն հետագայում ստորագրվում են Հայաստանում եւ առաքվում  Ռուսաստան: «Սա հնարավորություն է տալիս մեր սուրհանդակներին անարգել կերպով անցնել իրենց մաքսային սահմանը եւ իրենց հետ ունենալ զենք»,- ասաց Արա Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Դատավորների փոխատեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն (տեսանյութ)’