‘Ջհանգիրյան. Պետք էր էն ժամանակվա ինտերնետացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ոչ սար է գնում, ոչ՝ խոպան’

1254

Ազգային ժողովում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում նշեց, որ առաջարկված նախագիծը անցած տարվա վերջում ընդունված ինտերնետային կամ հրապարակային ծանուցման մասին ՀՀ օրենքի մի դետալն է: «Մենք այն ժամանակ բարձրաձայնեցինք, որ չի կարելի ծանուցման այսպիսի կարգ ընդունել: Ընդ որում, այդ կարգը ներդրվեց եւ՛ վարչական եւ՛ քաղաքացիական դատարանում: Օգտվելով այդ գործող օրենքից՝ անչափահաս երեխային մի ծնողը, առանց մյուսի համաձայնության, կարող է  տանել արտասահման, կամ ժառանգներից մեկը կարող է յուրացնել ժառանգներից մյուսների համասեփականությունը, կամ մարդուն ճանաչել մեռած կամ անհայտ բացակայող՝ առանց նրան ծանուցելու:  

Պետք էր ուղղակի մեր այն ժամանակվա ինտերնետացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը ո՛չ այֆոնով, ո՛չ պլանշետով է սար գնում, ո՛չ էլ՝ խոպան. մարդիկ ինտերնետացված չեն»,- նշեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ հարկ է անդրադառնալ այդ օրենքին, որովհետեւ քաղդատարանով ու վարչական դատարանով ոտնահարվում են հարյուր անգամ թվով մեծ քաղաքացիների շահեր: «Կոնկրետ նախագծի մասով՝ լավ, ակտուալ նախագիծ է, այստեղ շատ քննարկելու բան չկա: Ուղղակի գտնում եմ, որ Հարկային ծառայության մասին նախագիծը, որը միջնորդել ենք 24 ժամում ընդունել, պետք է սրա հետ միասին փաթեթով գնար: Բայց գլուխը քարը, հիմա սրա ժամանակը չէ: Բայց երեկ, այսօր մարդկանց իրավունքների ոտնահարումները շարունակվում են, եւ ինչքան շուտ սա ընդունենք, այնքան այդ խնդիրներից շուտ կազատվենք»,- հավելեց Գագիկ Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘«Սաքուլիկ պրոռեկտոր»-ը գետնանցումում. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Տուժող. Արման Բաբաջանյանը հրաժարվում է վերադարձնել 80 մլն դր. արժողությամբ գողացված կահույքը’