‘Ջհանգիրյան. Սա քառյակի 12 պահանջներից մեկի մասնակի կատարում է. Տեսանյութ’

1265

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ներկայաված օրինագիծը ինքը դիտարկում է որպես ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկի կատարում, բայց թերի եւ մասնակի կատարում: «Ինչքան էլ ասեք, որ ոչ մի պահանջ չեք կատարելու, իշխանությունները այդ մասին հայտարարել են մի քանի անգամ, այդուամենայնիվ, սա այդ պահանջներից մեկի կատարումն է: Ցավում եմ, որ թերի է կատարվում, որովհետեւ եթե մենք այս նվազեցված տուգանքների չափերը համադրում ենք մեր նվազագույն աշխատավարձի հետ, գործազրկության նպաստի հետ, նաեւ գործազրկության տոկոսի հետ, էլի մեծ թվեր են, պարոն Օսիկյան: Իհարկե, լավ է, որ երկու անգամ պակասել են հատկապես մասսայական խախտումները, բայց էլի՝ էս թվերը մեծ են: Ես կողմնակից կլինեի՝ այդ արագության 10-20 կմ-ով գերազանցումը, ոչ համապատասխան տեղում կայանումը ավելի իջեցնեինք նիշը ներքեւ, բայց էն կոպտագույն խախտումները, ասենք՝ 100 կմ ժամ արագությամբ գերազանցելը, 150 կմ ժամ գերազանցելը, հարբած վիճակում ղեկը վարելը, շատ ավելի խիստ անեինք եւ գուցե դրամական կորուստները դրանով փորձեինք փոխհատուցել բյուջեում»,- նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ այս հարցով Քառյակի պահանջները ավելի կարդինալ էին:

Ջհանգիրյանը հավելեց նաեւ, որ, ամեն դեպքում, հիմնական խնդիրն էլի բաց է մնացել: «Որովհետեւ ըստ մեր օրենքների՝ բոլոր հարկերը եւ տուրքերը պետք է գնան պետական բյուջե, բայց մենք ինչքա՞ն կարող ենք հանդուրժել, որ որեւէ տնտեսական ռիսկի չդիմած մասնավոր ձեռնարկություն, մեծ ներդրումներ չարած կազմակերպություն միլիարդավոր դրամների շահույթ ստանա»,- հայտարարեց Ջհանգիրյանը:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Օսիկյանին. Տուգանքների բեռը իջնելո՞ւ է, թե՞ բարձրանալու է ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Огласите весь список, пожалуйста!’