‘Ջհանգիրյան. Օրինաստեղծ գործունեություն ավելի շատ վարում է ոչ թե ԱԺ-ն, այլ գործադիրը ‘

989

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԱԺ ընդունած օրենքների ճնշող մեծամասնությունը Կառավարության նախաձեռնություններն են: Նրա խոսքով, փաստորեն, օրինաստեղծ գործունեություն ավելի շատ վարում է ոչ թե օրենսդիր խորհրդարանը, այլ գործադիրը: Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ կոնկրետ օրենքներում փոփոխություննեն այնքան հաճախակի են լինում, որ մարդիկ չեն հասցնում «հասցնել» դրանց հետեւից:

«Համաձայն եմ Ձեզ հետ, օրենքների հաճախակի փոփոխությունները լավ չեն: Պետք է հիմնարար օրենքներ ընդունենք, որպեսզի հետագայում փոփոխությունները հասցնենք նվազագույնին: Համատեղ ջանքերով կարող ենք հաջողությունների հասնել այդ հարցում», — պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, տրանսֆորմացիայի մեջ գտնվող Հայաստանը պարտավոր է փոփոխել օրենսդրությունը, այլապես հետ կմնա իրողություններից:

Ինչ վերաբերում է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների քանակին, ապա, ըստ վարչապետի, դրանք ոչ միայն ՀՀ կառավարության նախաձեռնություններն են, այլեւ ՀՀԿ թիմի նախաձեռնությունները: «Թիմը հանձնարարում է Կառավարությանը` ներկայացնել ԱԺ-ին օրենսդրական փոփոխությունների փաթեթները: Մենք ինչ-որ առումով չենք գերազանցում կամ ճնշում Ազգային ժողովի վրա», — նշեց Տիգրան Սարգսյանը:

Ի պատասխան` Գագիկ Ջհանգիրյանը կեսկատակ առաջարկեց տեղափոխություն անել` «խորհրդարանում գտնվող ընկերներին» ուղարկել կառավարություն եւ հակառակը`կառավարության անդամներին բերել խորհրդարան:  

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Լիսկայի գործով» հաջորդ դատական նիստի օրը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչ է Մինսկում ստորագրել Սերժ Սարգսյանը’