‘Ջոն Քերին այցելել է Պակիստան’

788

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Պակիստան, որտեղ բանակցություններ է վարելու վարչապետ Նավազ Շարիֆի հետ:

Անվտանգության նկատառումներով՝ ամերիկյան դիվանագետի այցը գաղտնի է պահվել: Բանակցությունների օրակարգում էկոնոմիկայի և ահաբեկչությանը դիմակայելու հարցերն են: Ակնկալվում է, որ Քերին կլիցքաթափի երկու երկրների փոխհարաբերություններում առկա լարվածությունըւ, որն առաջացել է Պակիստանի տարածքին անօդաչու օդանավերից հասցված հարվածների առնչությամբ: 2004-2013 թթ. ընթացքում այդ գրոհներից Պակիստանում զոհվել է 3460 մարդ:

Պակիստանի սահմանային Հյուսիսային Վեզիրիստան ի շրջանը համարվում է թալիբների և Ալ-Քաիդայի հենակայանը, և հենց այդ շրջանում են ամերիկացիները պարբերաբար անցկացնում իրենց ռեյդերը: Սակայն մայիսին համընդհանուր ընտրություններում հաղթած Նավազ Շարիֆը պահանջել է դադարեցնել հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք խախտում են երկրի ինքնիշխանությունը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Օբաման  անօդաչու օդանավերի թռիչքներն անվանել էր ահաբեկչության դեմ պայքարի օրինական  դրսևորում:

ԱՄՆ պետքարտուղարն իր այցի ընթացքում հինգշաբթի օրը, բացի Նավազ Շարիֆից, հանդիպում կունենա նաև վարչապետի պաշտոնից հեռացող Ալի Զարդարիի հետ: Սա Քերիի առաջին այցն է Պակիստան՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, թեև նա առաջին անգամ չէ, որ այցելում է այդ երկիր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև օգոստոսի 20-ը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ Իրանի դեմ նոր պատժամիջոցների’