‘Ռազմիկ Գրիգորյան. «Տղերքին պետք է հանգիստ թողնել»’

3568

«iLur.am»-սկսում է հարցազրույցների շարք, հետխորհրդային շրջանի հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչների հետ: Առաջին հարցազրույցը անկացրեցինք այդ շրջանի մեր լավագույն կիսապաշտպաններից մեկի, Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական գոլի հողինակ Ռազմիկ Գրիգորյանի հետ:

Նախ շնորհակալություն «iLur.am»–ի հրավերը ընդունելու համար: Սկսենք կարիերայի ամենասկզբից: Ե՞րբ սկսեցիր զբաղվել ֆուտբոլով, և ո՞վ ունեցավ ամենամեծ դերակատարությունը, որ որոշեցիր դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

\"\"

Ֆուտբոլով սկսեցի զվաղվել 7 տարեկանից, ցանկությունը եղել է հենց իմ կողմից: Մեծ եղբայրս, ով ինձնից 12 տարի մեծ է, ըմբշամարտիկ էր, միջազգային կարգի սպորտի վարպետ: Կարելի է ասել՝ ֆուտբոլով սկսեցի զբաղվել պատահաբար. ընկերներս, ովքեր ինձնից տարիքով ավելի մեծ էին, արդեն հաճախում էին «Արարատ»-ի մանկապատանեկան դպրոցը, և ես նրանց հետ ուղղակի գնում էի մարզումներին հետևելու, և մի անգամ, երբ մի հոգու պակաս ուներ մարզիչը, ուղղակի ինձ հրավիրեց, ասաց՝  «մտի դաշտ խաղալու»: Առաջին մարզիչը, ում մոտ սկսել էի մարզվել, Ավանեսյան Ռուդիկն էր, հետագայում երբ տեղափոխվեցինք Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող  «Արարատ»-ի մասնագիտացված դպրոցը, այդտեղ արդեն մարզիչներս եղել են Հովհաննես Ղազանչյանն ու Գևորգ Ղարամալյանը: Հետո արդեն տարբեր տարիքային պատանեկան հավաքականների կազմում մասնակցեցի ԽՍՀՄ-ում կայացած տարբեր  մրցաշարերի: Մեծ ֆուտբոլը սկսեց, երբ 87-ին Արկադի Անդրեասյանը հրավիրեց «Արարատ»-ի առաջին կազմ:

Ո՞ր խաղային դիրքում էիր գործում մանկապատանեկան թիմերում և ո՞ր դիրքում քեզ սկսեց օգտագործել Անդրեասյանը:

Փոքր տարիքում, մինչև մոտ 12 տարեկանը, խաղում էի պաշտպանի դիրքում, որից հետո վերածվեցի կենտրոնական կիսապաշտպանի, Անդրեասյանի մոտ էլ խաղում էի հենց այդ դիրքում: Կարիերայիս ընթացքում անհրաժեշտությունից ելնելով՝ խաղացել եմ թե՛ ենթահարձակվողի, թե՛ հարձակվողի դիրքում:

Մինչ «Արարատ»-ի հիմնական թիմում հայտնվելը 3 տարի խաղացիր նախ «Սպիտակ»-ում հետո «Կոշկագործ»-ում, որոնք հանդես էին գալիս Խորհրդային միության երկրորդ լիգայում, ինչո՞ւ որոշեցիր հեռանալ «Արարատ»-ից:

«Արարատ»-ում մի փոքր կոնֆլիկտներից հետո, որոշեցի հեռանալ ակումբից: «Սպիտակե տեղափոխվեցի մի քանի պատճառով. նախ՝ ես բանակային տարիքում էի և Սպիտակում հնարավորություն կար ֆուտբոլը համատեղել ծառայության հետ, երկրորդ պատճառն այն էր, որ Նազար Պետրոսյանն ու Թարխանովը Սպիտակում հավաքագրել էին բավականին ուժեղ կազմ, որտեղ խաղում էին Հարություն Աբրահամյանը (ազգային հավաքականի նախկին դարպասապահը) ու Արմեն Սիմոնյանը: Սպիտակում բավականին լավ արդյունքի հասանք ԽՍՀՄ-ի երկրորդ լիգայում, որը իր մակարդակով հիմիկվա Հայաստանի առաջնությունից բարձր էր: «Կոշկագործ» տեղափոխվեցի այն ժամանակ, երբ խաղային պրակտիկայի խնդիր ստեղծվեց և ուրիշ ակումբ չէի կարող տեղափոխվել, իսկ «Կոշկագործ»-ը խաղում էր Հայաստանի ներքին լիգայում ու այդ հնարավորությունը կար: «Կոշկագործ»-ում այդ ժամանակ խաղում էր Ռոման Բերեզովսկին: Հետո վերադարձա նախ «Արարատ-2ե, իսկ այդտեղից էլ՝ «Արարատ»-ի առաջին թիմ:

«Արարատ»-ում անցկացեցիր 3 լավ մրցաշրջաններ, դարձար բազմաթիվ գոլերի հեղինակ և հրավեր ստացար Սոֆիայի ԲԿՄԱ-ից: Քանի որ այդ տարիներին  Հայաստանում ֆուտբոլային գործակալներ չկային, ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը ԲԿՄԱ:

\"\"

Ես արդեն հավաքականի կազմում մասնակցել էի Բելգիայի և Կիպրոսի դեմ խաղերին, որը մարզում էր Էդուարդ Մարկարովը: Մենք հավաքականի հետ մասնակցում էինք Ֆրանսիաում տեղի ունեցող  հավաքին, իսկ «Արարատ»-ը պատրաստվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղերին, որտեղ հանդիպելու էր ԲԿՄԱ-ի հետ, և մենք «Արարատե-ի տղերքով հենց Ֆրանսիայից մեկնեցինք  Բուլղարիա: Չնայած պարտվեցինք 3-0 հաշվով, բայց մենք վատ չխաղացինք ու խաղից հետո ինձ մոտեցան մի քանի բուլղարացի գործակալներ, ովքեր ինձ ասացին, որ ինձնով հետաքրքրված են բուլղարական մի քանի առաջատար թիմեր, «Լևսկի»-ն, ԲԿՄԱ-ն և «Լոկոմոտիվ»-ը: Ես խորհրդակցեցի Էդուարդ Մարկարովի հետ, ով ասեց, որ շատ լավ տարբերակ է ԲԿՄԱ տեղափոխվելը: Հետագայում ես իմացա, որ մինչեւ պատասխան խաղն արդեն ավելի լուրջ բանակցություններ են ընթացել ակումբների միջև:  Այդ ընթացքում Արտաշես Ադամյանը, ով խաղում էր Բուլղարական Պլովդիվի «Սպարտակ»-ում, զանգեց ինձ ու ասեց, որ բոլոր տեղական թերթերը գրում են՝ «պայմանագիր ես կնքել ԲԿՄԱ-ի հետ»: Ես իրոք տեղյակ չէի ոչ մի բանից և ասեցի որ նման բան չկա: Բայց արդեն հոկտեմբերին «Ղարաբաղ»-ին 5-2 հաղթելուց մի օր հետո, որտեղ ես 3 դարձա «հեթ-տրիկ»-ի հեղինակ, Արմենը Սարգսյանը, ով թիմի մարզիչն էր, հավաքեց բոլորիս և ասեց՝ «երեկ Ռազի վերջին խաղն էր «Արարատ»-ում: Հաջորդ օրը մեկնեցինք Սոֆիա՝ վերջնական բանակցությունների: Ինձ առաջարկեցին անձնական շատ լավ պայմաններ, իսկ իմ տրանսֆերային գումարը այդ ժամանակ ռեկորդային էր հայկական ակումբների համար: 

Ի՞նչը չստացվեց Սոֆիայում որ ընդամենը մեկ մրցաշրջանից հետո, վերադարձար «Արարատ»:

\"\"

Բուլղարիայում առաջնությունը արդեն սկսվել էր և ԲԿՄԱ-ն ամբողջ իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվել էր 12-րդ տեղում. Սոֆիայում նույնիսկ երկրորդ տեղը համարվում էր ձախողում: Լավ սկսեցի, ու հենց առաջին խաղում 2 գոլի հեղինակ դարձա, իսկ առաջնության ավարտին լրագրողների կողմից ճանաչվեցի մրցաշրջանի 3-րդ լավագույն լեգիոներ: Հետո` երկրորդ խաղաշրջանի սկզբում ուսս կոտրեցի և երկու ամսից ավելի խաղերը բաց թողեցի, վնասվածքից ապաքինվելուց հետո ամեն ինչ նորմալ էր ընթանում, մինչև որ փոխվեց գլխավոր մարզիչը, ով իր հետ ԲԿՄԱ բերեց 6 խաղացողի, և հիմնականում նրանց էր վստահում: Որոշեցի, որ կվերադառնամ «Արարատ»: Չնայած ընդունում եմ, որ տաքարյուն եմ և շտապեցի որոշումներիս մեջ, բայց ես նկատում էի, որ մարզիչը իր ոչ սպորտային շահն է հետապնոդում, խաղացնելով իրանց: Բացի դրանից էլ՝ ոչ մի խաղացողի հաճելի չի նստել պահեստայինների նստարանին: Շատ են եղել իրավիճակներ, երբ ես գիտակցել եմ, որ այդ պահին լավագույն մարզավիճակում չեմ, և պետք է տեղս զիջեմ ուրիշներինմ բայց ԲԿՄԱ-ում այդ իրավիճակը չէր: Այդ ընթացքում բանակցություններ սկսեցի Զագրեբի «Դինամո»-ի  հետ, իսկ Հունաստանում հավաքի ժամանակ՝ «Օլիմպիակոս»-ի հետ, բայց թիմերը չհամաձայնվեցին ֆինանսական հարցերում, բացի դրանից, ես արդեն որոշել էի վերադառնալ Երևան: «Արարատ»-ի փոխնախագահը եկավ Սոֆիա և դժվարությամբ, բայց համաձայնեցին ինձ վարձավճարով վերադարձնել «Արարատ»:

Այդ ընթացքում տեղի ունեցավ Հայաստան – Մակեդոնիա «Եվրո-96» —ի ընտրական հանդիպումը, որտեղ դուք դարձաք Հայաստանի ազգային հավաքականի առաջին պաշտոնական գոլի հեղինակը: Ի՞նչ հիշողություններ կան այդ խաղից:

\"\"

Չնայած 2-0 պարտությանը, հավաքականի կազմում իմ առաջին խաղը Բելգիայի հետ շատ ավելի է տպավորվել հիշողությանս մեջ, քան այն խաղերը, որոնցում գոլի հեղինակ եմ դարձել: Տպավորությունները ընկերական խաղերի և պաշտոնական խաղերի, շատ տարբեր են, և լրիվ ուրիշ են: Բացի դրանից, տպավորվել են Իսպանիայի և Դանիայի դեմ հանդիպումներըմ որտեղ խաղում էին բազմաթիվ աստղեր: Լուիս Էնրիկե, Նադալ,  Լաուդրուպ: Իսկ մակեդոնացիների դեմ երևանյան խաղում մեր դեմ խաղում էր նաև ԲԿՄԱ-ում իմ թիմակից Լյուպկո Մարկովսկին, ով գոլի հեղինակ դարձավ և հավասարեցրեց հաշիվը: Խաղից հետո ԲԿՄԱ-ում նրան, իհարկե կատակով, մեղադրում էին, թե չարժեր իմ խփած սիրուն գոլին, պատասխանել նման «թույլ» գոլով: 

Ի՞նչն էր պատճառը որ 96-ից հետո, մինչև Ֆրանսիայի դեմ 99-ի խաղը, չհրավիրվեցիր հավաքական, և այդ խաղից հետո էլ այլևս հավաքական չհրավիրվեցիր:

\"\"

Գլխավոր պատճառը մեջքիս վնասվածք էր, որը պահանջում էր ավելի լուրջ բուժում, և դրա պատճառով բաց թողեցի մեկ տարուց ավելի: Իսկ հավաքականում 1997-ին տեղի էր ունենալու ժողով ՀՖՖ-ի գրանսենյակում, որից հետո պետք է մեկնեինք Պարագվայ՝ ընկերական հանդիպման: Ֆեդերացիայի նախագահը Արմեն Սարգսյանն էր, իսկ մարզիչը՝ Խորեն Աբրահամյանը: Թիմում կային անհամաձայնություններ, և ես ժողովից հետո տղերքին ասեցի, որ վստահ եմ՝ ինձ չեն տանելու Պարագվայ: Այդպես էլ եղավ: Հարավամերիկյան հավաքից հետո մի խաղ էլ անցկացրեցի Պորտուգալիայի դեմ: Բացի դրանից, ես գործող պայմանագիր ունեի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ, բայց որոշել էի, որ ԲԿՄԱ-ում էլ չեմ խաղալու: Վերադարձա և սկսեցի հանդես գալ Երևանի «Երևանե-ում, որի կազմում խաղում էին Հարություն Աբրահամյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արմեն Շահգելդյանը և իմ կարծիքով, մեր եկրում խաղացած լավագույն լեգիոները` Մալալը: Շատ ուժեղ կազմ էր հավաքվել, և դարձանք երկրի չեմպիոն: Չեմպիոնությունից հետո հունվարին գնացինք Ֆրանսիա՝ հավաքի, որտեղ խաղացինք «Զենիթ»-ի դեմ: Խաղից հետո Անատոլի Բիշովեցը անձամբ ինձ հրավիրեց «Զենիթ»:  Պետերբուրգում արդեն հանդես էին գալիս Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին: Ու չնայած տղաս նոր էր ծնվել և ուզում էի վերադառնալ հայրենիք, «Զենիթ»-ում ամեն ինչ լավ էր ընթանում: Միայն չհամաձայնվեցին գումարային հարցում: Վերադարձա Երևան, տեղափոխվեցի Արարատի «Ցեմենտ», որտեղ 2 անգամ ճանաչվեցի ամսվա լավագույն խաղացող (հավաքականի այն ժամանակվա մարզիչ) Սուրեն Բարսեղյանն ինձ նորից 99-ին հրավիրեց ազգային հավաքական: Ամեն ինչ լավ էր ընթանում և մոտս երկրորդ շնչառությունն էր բացվել, բայց Անդորրա մեկնելուց առաջ կտրեցի գարշապարս: Վնասվածքից ապաքինվեցի մեկ տարուց ավել և մի քիչ էլ խաղալուց հետո որոշեցի, որ ժամանակն է թողնել ֆուտբոլը:

Ընդամենը 31 տարեկան հասակում:

Այո, կարող ա և հնարավոր էր շարունակել խաղալը: Հայաստանում եթե մի փոքր քեզ լավ հետևես մինչև 40-տարեկան էլ հնարավոր ա խաղալ, բայց ես կայացրեցի հեռանալու որոշում, ինչքան էլ որ դա ինձ ծանր տրվեց:

Հավաքականում անցկացրած 5 տարիների ընթացքում խաղացել ես բազմաթիվ աստղերի դեմ, ինչպիսիք էին Զիդանը, Շիֆոն, Թյուրամը, Լուիս Էնրիկեն, Ֆիգուն, Լաուդրուպը և Ռուի Կոշտան, ո՞ւմ կառանձնացնես նրանցից:

Լաուդրուպին: Քանի որ համարում եմ, որ մենք նույն ոճի խաղացողներ էինք, ճիշտ է նա իմ շատ ավելի կատարելագործված տեսակն էր:

Բացի այդ աստղերից, Հայաստանի հավաքականի կազմում ընկերական խաղում խաղացել ես Բիլարդոյի «Բոկա Խունիորս»-ի դեմ, որտեղ խաղում էր Դիեգո Մարադոնան:

\"\"

Մարադոնան դա իհարկե գագաթնակետն էր: Բացի նրա խաղից, որին կարող էիր ուղղակի խաղի ժամանակ կանգնել, հետևել և հիանալ, ինձ ամենիչ շատ տպավորել էր Դիեգոյի համեստությունը: Կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր դեռ ոչ մի բանի չհասած, իրենց պահում են աստղերի պես: Իսկ Մարադոնան իրեն շատ համեստ տղա էր և երբեք չես մտածի, որ Մարադոնան այդքան համեստ կլինի: Խաղից հետո մենք հրավիրված էին նրա աներոջ ռեստորան, նա մոտ մի ժամ հետո եկավ, Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:

Կա՞ր խաղային սխեմա, որը քեզ համար ամենահարմարն էր:

\"\"

Մենք 90-ականների սկզբից խաղում էինք «3-5-2»  մարտավարությամբ, երբ դեռ մոդա չէր «4-4-2»-ը: Խաղում էինք 1 լիբերոյով, 2 կենտրոնական, 3 կիսապաշտպան, 1-ը հենակետային, 2 կառուցող, և 2 եզրային ու հարձակվողներ: Ես ավելի շատ խաղում էի հարձակվողների հետևում: Չեմ փորձում համեմատել, բայց ավելի պարզ լինելու համար, խաղում էինք ինչպես օրինակ` Դեշամը որպես հենակետային և Զիդանն ու Ջորկաեֆը որպես կառուցողներ:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, սկսեցիր մարզչական կարիերադ:

\"\"

Ավարտելուց հետո ինձ հրավիրեցին Իրան՝ որպես խաղացող, բայց երկար չմնացի այնտեղ, քանի որ արդեն երկրորդ տղաս էր ծնվել: Արդեն 2006-ին մասնակցեցի մարզչական  B կլասի դասընթացներին, ստացա արտոնագիրը և սկսեցի աշխատել «Ուլիս» -ում Արսեն Չիլինգարյանի հետ` որպես մարզչի օգնական: «Ուլիս»-ում ևս խնդիրներ ծագեցին, և ես ու Արսենը հեռացանք թիմից: Հրավիրեցին «Արարատե, որտեղ արդեն խաղում էր Մարկոս Պիզելլին: «Արարատ»-ից դուրս եկա, 2008-ին հայտնի քաղաքական իրադարձություններից հետո լքեցի «Արարատը»-ը: Հիմա պլանավորում եմ վերադառնալ ֆուտբոլ:

Մի փոքր խոսենք ներկայիս մեր ազգային հավաքականից: Եթե փորձես համեմատել ներկայիս և ձեր հավաքականները, ի՞նչ առավելություններ ունեն միմյանց նկատմամբ:

Չարժե համեմատականներ տանել: Մեր հավաքականի տարիները արդեն անցյալում են: Մեր թիմում էլ կային բազմաթիվ տաղանդավոր տղաներ, որոնք իրենց ամբողջովին ներդնում էին դաշտում: Բայց եթե մենք անընդհատ ապրենք «Արարատ 73»-ի կամ այլ ունեցած հաջողություններով, երբեք առաջ չենք գնա:  Փառք Աստծո, ներկայիս հավաքականում կան շատ տաղանդավոր տղաներ, և դեռ ամեն ինչ առջևում է:

Ամեն դեպքում, չե՞ս կարծում, որ վերջին ընտրական փուլում հաջողություններից հետո ներկայիս հավաքականին շատերը գերագնահատում են, ինչն ավելորդ անգամ ճնշում է ֆուտբոլիստներին:

\"\"

Տղաները շատ լավ անցկացրին վերջին ընտրական մրցաշարը, բայց, այո, կարծում եմ, որ էս տղեքին պետք է հանգիստ թողնել: Ուղղակի պետք չի նրանց ավելորդ ճնշել: Այս թիմը արդեն բոլորիս ապացուցել է, որ կարող է լավ խաղալ և ընդամենը նրանց պետք է թողնել որ իրենց խաղը խաղան: Հավաքականում կան տաղանդավոր խաղացողներ և չնայած շատ դժվար խումբ է բաժին հասել մերոնց, նրանք կարող են լավ արդյունքների հասնել նաև այս ընտրական փուլում:

Բուլղարիայի հետ խաղում տեղի ունեցածից հետո մենք իտալացիների դեմ խաղին մոտենում ենք բազմաթիվ կորուստներով, հնարավոր համարո՞ւմ ես իտալացիներից միավորնել կորզելը:

Անհնարին ոչինչ չկա, և տարբեր գործոնների համընկման դեպքում հնարավոր է, ինչո՞ւ չէ, հաղթենք: Քանի որ համեմատական տարանք օրինակ` պորտուգալացիների ոսկե սերնդի դեմ մենք Երևանում հավասար հանդիպում անցկացրեցինք և ոչ-ոքի խաղացինք, ճիշտ է՝ կարող էինք նաև պարտվել, բայց կարող էինք նաև հաղթել, նույն բանը կարող է տեղի ունենալ իտալացիների դեպքում:

Կփորձե՞ս կանխագուշակել խաղի հաշիվը:

Չեմ սիրում կանխատեսումներ անել, բայց պետք է փորձենք հաղթել: Ճիշտ է՝ նրանք Եվրոպայի փոխչեմպիոններն են, բայց բոլորս տեսանք, թե Հենոն ինչպես խաղաց «Յուվենտուսե-ի դեմ, նույնը կարող են անել տղաները նաև իտալացիների դեմ, այստեղ էլ մեծամասնությունը Յուվեի խաղացողներն են: Կարևորը՝ չհաղթելու դեպքում կատաստրոֆա պետք չի չսարքել, դիմացներս Եվրոպայի փոխչեմպիոններն են:

Եվ մի քանի կարճ հարց ևս.

 \"\"

Նախընտրած համարը՞:

8. Ուղղակի հավաքանում այդ համարը ինձ բաժին ընկավ, որով և շարունակեցի խաղալ:

Լավագույն խաղընկերը՞:

Համլետ Մխիթարյան:

Լավագույն մարզիչը՞, ում հետ աշխատել ես:

Սամվել Դարբինյանը, նա շատ մեծ տեղ էր տալիս տակտիկային, և նրա մոտեցումներն ինձ շատ հարազատ էին:

Լավագույն դարպասապահը՞:

Շմեյխել, իսկ այսօրվա դարպասապահներից՝ Ջո Հարտ:

Պաշտպանը՞:

Հիշում եմ Մարսել Դեսայիին, ով անանցանելի էր թվում, բայց ինձ ավելի շատ տպավորել է Բլանը իր խելացի խաղով:

Կիսապաշտպանը՞:

Լաուդրուպ, Զիդան և իհարկե Չավի-Ինյեստա զույգը:

Հարձակվողը՞:

Պետք է նշեմ չորս անուններ: Ինձ համար դրանք են Խորեն Հովհաննիսյանը, Մարադոնան, Մեսսին և Ռոնալդինյոն:

Եվ վերջում՝ ի՞նչ է քեզ համար ֆուտբոլը:

Ամենից առաջ՝ ես միշտ կարևորել եմ ընտանիքս, ընկերներիս, նրանց առողջությունն ու բարօրությունը, հետո նոր՝ ֆուտբոլը: Ճիշտ է՝ հիմա ֆուտբոլը շատ ավելի է նմանվում բիզնես պրոեկտի, ես ֆուտբոլը ընկալում եմ որպես ներկայացում: Որը կարող է հաճույք պատճառել երկրպագուներին:

 

 

Զրուցեց\’ Դավիթ Քիրամիջյանը

 

Նախորդ հոդվածը‘«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀԱԿ ներկայացրեած օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Ընտրական օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտության՝ ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումները’