‘Ռայմոնդ Պաուլսը հեռանում է «Նոր ալիք» նախագծից’

1107

Լատվիացի հռչակավոր կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է, որ լքում է ամեն տարի Յալթայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը և այլևս չի մասնակցի նախագծի  կազմակերպչական աշխատանքներին: Պաուլսին աջակցություն է հայտնել նաև Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմենտևը, փոխանցում է РИА Новости-ն:

Կոմպոզիտորն իր այդ որոշումը բացատրել է նրանով, որ «Նոր ալիքն»  այլևս չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին, իսկ գլխավոր կազմակերպիչ Իգոր Կրուտոյն այն վերածում է ընտանեկան բիզնեսի: «Բոլորը քվեարկում են իրենց մերձավորների օգտին, դա ամոթալի է»,- ասել է Ռայմոնդ Պաուլսը:

Անդրադառնալով երաժշտական նախագծի շուրջ ստեղծված աղմուկին՝ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն իր հերթին նշել է. «Մենք ուշադիր հետևում ենք մրցույթի զարգացմանը և ստիպված ենք արձանագրել, որ վերջին տարիներին այն նոր անուններ չի տալիս և վերածվել է ռուսական էստրադայի աստղերի համերգային ծրագրի»:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթը, որի նպատակը էստրադայում նոր անուններ ի հայտ բերելն է,  հիմնվել է 2002 թ. Իգոր Կրուտոյի և Ռայմոնդ Պաուլսի միացյալ ջանքերով:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում Մխիթարյանից 30 գոլ են ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում 40 բադեր կպել են լճի սառած մակերևույթին (տեսանյութ)’