Ռաֆայել Թեյմուրազյան. Երեկվա անընդունելին այսօր անիրականանալի երազ է դարձել

1357

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

100-ը մե՞ծ թիվ է, թե՝ փոքր։ Իսկ զրո՞ն։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչի հետ ենք համեմատում։ Հարյուրը, օրինակ, փոքր է, եթե ընտրում ենք մի բազմությունից, որտեղ մնացած բոլորը քառանիշ դրական թվեր են։ Զրոն էլ մեծ է, եթե ընտրանքը ոչ դրական թվերի բազմությունն է։ Մեծն ու փոքրը, այսինքն, համեմատական հասկացություններ են, ինչպես՝ լավն ու վատը։ Չկա առանձին լավ կամ առանձին վատ։ Լավը և վատը համեմատություն են ենթադրում։ Խնդիրը, ուրեմն, ընտրանքը ճշգրտելն է, որից հետո են միայն երևակվում ընդունելին ու անընդունելին, մեծն ու փոքրը, լավն ու վատը, չաղն ու նիհարը…

44-օրյա պատերազմի տարելիցին «Ազատությունը» Ստեփանակերտի փողոցներում հարցնում էր, թե մեկ տարի առաջ համաձայն կլինեի՞ք բանակցություններով ինչ-որ բան զիջել, և քաղաքացիները պատասխանում էին, որ նախընտրելի էր տարածքներ տալ և ոչ` զոհեր։ «Բայց այն ժամանակ չգիտեինք, որ նման ավարտ կունենա։ Գտնում էինք, որ պատերազմը ճիշտ է»,- ասում է նրանցից մեկը։ Ինչո՞ւ էր պատերազմը ճիշտ դարձել. որովհետև մինչև վերջ այդպես էլ հանրությունը չիմացավ ընտրանքը։ Ոչմիթիզականության աղետաբերության էությունը հենց այդտեղ է թաքնված. այն ձևավորել էր կեղծ ընտրանք, տպավորություն ստեղծելով, թե ահա կա այս պայծառ հնարավորությունը, բայց ինչ-որ դավաճանների մտքով անցնում է գնալ նախրի մեջ էշի ճակատը պաչել։ Մոտավորապես այսպես. «Բարև Ձեզ։ Ես Աֆրիկայի զուլուսների թագավորի թոռնիկն եմ։ Պապիկս մահացել է և ինձ կտակել 30 մլն դոլար, բայց գումարը բանկում կալանքի տակ է, խնդրում եմ, ինձ 1000 դոլար ուղարկեք, կալանքից հանեմ, հավասար կկիսենք»։ Աջուձախ չուզող հռչակվեցին նրանք, ովքեր փորձեցին ասել, որ դա սպամ է. չկա պապիկ, չկա 30 մլն դոլար, և մեզ էլ ոչ մեկը չի պատրաստվում 15 մլն տալ։ Չեղած 30 միլիոնի կեսը ստանալու երազով ունեցած 1000 դոլարը կորցնելուց հետո էլ շարունակվում է մեծ ու փոքր, չաղ ու նիհար, լայն ու նեղ որոշվել ոչ թե ըստ իրողությունների, այլ՝ ըստ երևակայական ընտրանքների։

Հայաստանի ղեկավարը 30.09.2020-ին Արցախում շփման գծով խաղաղապահների տեղակայումն անընդունելի էր համարում, իսկ 29.07.2021-ին արդեն ռուսներին հրավիրում էր կանգնելու Հայաստան-Ադրբեջան ողջ շփման գծով։ Երեկվա անընդունելին այսօր անիրականանալի երազ է դարձել։ Ինչո՞ւ. որովհետև ընտրանքն է սխալ պատկերացվել, ինչի հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք տվյալ իրավիճակում, ինչպես տեսանք, լավագույնը չեն եղել։

Այսօր ոչմիթիզականության «մուտացված» դրսևորում է դարձել մեր շահերի պաշտպանությունը Ռուսաստանի հետ առճակատման տրամաբանությամբ կառուցելը. երկու դեպքում էլ անտեսվում են իրողությունները։ Խոսքը Ռուսաստանին սիրելու կամ չսիրելու մասին չէ։ Խոսքը տրամաբանության, իրավիճակը և սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու ու ոտքերը վերմակի (ոչ թե լայքի) չափով մեկնելու մասին է։ Ռուսաստանին արդեն պաշտոնական մակարդակով ներկայացվող «վերջնագրերը» և տևական ժամանակ պետական մակարդակով խրախուսվող հակադրման տրամադրությունները չափազանց վտանգավոր են և հիմքում ապավինում են բացառապես երրորդ ուժին. Ֆրանսիան կփրկի, ԱՄՆ-ը թույլ չի տա, ՄԱԿ-ը կբարկանա… Ընդամենը մեկ տարի առաջ տեսանք նման սպասումների հետևանքները։ Նույն քայլերով տարբեր արդյունք ակնկալելու որևէ հիմք չունենք։

Նախորդ հոդվածըԲայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ
Հաջորդ հոդվածըԴաղստանից մինչև Յակուտիա․ Թուրքիայի տարածքային հավակնությունները