‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ինչու Արցախը Հայաստան չէ’

4574

Վերջին օրերին Հայաստանում հաճախ հնչող «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Գուցե պարզ բան է, բայց պիտի մենք մեր մեջ հստակ հասկանանք, թե ինչու է ընտրվել Արցախն անկախ պետություն հռչակելու ճանապարհը: Դա ո՛չ որևէ մեկի քմահաճույքն է, ինչպես թվում է ոմանց, ո՛չ էլ պահի տակ եղած հայրենասիրական պոռթկման արտահայտություն, այլ՝ պարզ հաշվարկ, որը լիովին արդարացրել է իրեն՝ հայկական կողմերին զերծ պահելով բազում դժբախտություններից:

Նախաբան

Արցախն առանձին պետություն է՝ իր նախագահով, ԱԺ-ով, սահմանադրությամբ, բանակով և պետական մյուս կազմավորումներով: Թե ինչու է ընտրվել այս ձևը՝ քիչ հետո: Մինչ այդ՝ երկու դիտարկում.

— Բերձորյան բռնություններից հետո «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողներն այդ կերպ փորձում են հիմնավորել մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելու անթույլատրելիությունը, որովհետև ՀՀ տարածքում մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն: Այո, բայց մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն նաև Հայաստան-Արցախ ու հակառակ ուղղությամբ, այսինքն՝ կատարվածն ապօրինություն է՝ անկախ նրանից՝ Արցախը Հայաստան է, թե ոչ:

— Հաջորդը: Հարցնում են՝ եթե Արցախը Հայաստան չէ, ինչո՞ւ են ՀՀ-ից Արցախ զինվորներ զորակոչվում: Ֆորմալ տեսանկյունից՝ Հայաստանն Արցախում զորք չունի ու երբեք էլ չի ունեցել: Արցախում կռված ու այսօր էլ այնտեղ գտնվող հայաստանցիներն այնտեղ են գտնվում կամավոր (գնալուց առաջ նրանք համապատասխան թղթեր են ստորագրում, որը նրանցից շատերը գուցե չեն կարդում):

Ինքնորոշման իրավունք vs տարածքային վեճ

Հիմա, ինչո՞ւ է ընտրվել Արցախն անկախ հռչակելու և ոչ թե ՀՀ տարածքի մաս համարելու տակտիկան՝ դեռ 1991-ից: Ո՞րն է առաջինի առավելությունը երկրորդի նկատմամբ, ու կոնկրետ դեպքում՝ ի՞նչ ենք շահել այսպես վարվելով:

Եթե կարճ, ապա պատասխանը սա է. աշխարհի հետ պիտի խոսել աշխարհին հասկանալի լեզվով:

Հատկապես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո քաոսը կանխելու նպատակով միջազգային խոշոր կազմակերպություններ ստեղծվեցին, կոնվենցիաներ ընդունվեցին, համաձայնագրեր կնքվեցին, անվտանգության համակարգեր ստեղծվեցին… : Ձևավորվեցին աշխարհի կառավարման խաղի կանոնները, գծվեցին պետությունների սահմանները: Քանի դեռ խաղում ես այդ կանոններով, ուրեմն՝ քաղաքակիրթ աշխարհի մաս ես, իսկ թե ոչ՝ տեռորիստ ես, ագրեսոր կամ նման մի բան՝ դրանից բխող հետևանքներով:

Մի պետության տարածքի ընդլայնումը մեկ այլ պետության հաշվին՝ առանց վերջինիս համաձայնության՝ անեքսիա է: Այն խախտում է մասնավորապես ԵԱՀԿ 1975թ. եզրափակիչ ակտի սահմանների անխախտելիության սկզբունքը:

Արցախի հարցում սկզբում փորձ է արվել հարցը լուծել ԽՍՀՄ օրենսդրության սահմաններում, սակայն 1989-ի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, հանդիպեց Կենտրոնի ու Ադրբեջանի դիմադրությանը: Խորհրդային Միությունն էլ փլուզվում էր, ուստի եթե ուզում էինք աշխարհին հասկանալի լեզվով խոսել, առաջնորդվել միջազգային իրավունքով, այլ ճանապարհ, քան ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվելն էր, չէր մնում: Եթե ԽՍՀՄ գոյության պայմաններում հարցը տարածքային հարթության մեջ դիտարկելը թվում էր, թե միակ ճանապարհն է (ի՞նչ ինքնորոշման իրավունք ԽՍՀՄ ներսում), ապա ԽՍՀՄ-ի փլուզումը նոր իրականություն էր ստեղծում:

Ազգերի ինքնորոշման իրավունքն իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար: Ամրագրված է մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագրերում:

Արցախի ժողովուրդը 1991-ի սեպտեմբերի 2-ին, հենվելով հենց այս դրույթի վրա, ինքնորոշվել է:

Ի՞նչ է տվել Արցախի խնդրում հայկական կողմի նման մոտեցումը:

— Նախ, Արցախը գործել է միջազգային իրավունքի սահմաններում, ինչպես 1989-ին գործել է ԽՍՀՄ օրենսդրության սահմաններում:

— Թեև հայկական կողմերն ազատագրեցին բուն ԼՂԻՄ-ի տարածքի եռակին, բայց այդպես էլ Հայաստանն ագրեսոր չհռչակվեց: Պատճառը որդեգրված հենց այս մոտեցումն էր: Հայաստանը երբևէ չընդունեց, որ զորք ունի Արցախում: Դրանք ներկայացվել են որպես կամավորներ: Պատահական չէր, որ կարևոր ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի նախագահը թռչում էր այլ երկիր՝ այնտեղից «զարմանքով» տեղեկանալով «տեղական հայկական ուժերի» առաջընթացի մասին: Հայաստանն այս հակամարտությունում աշխարհին ներկայացել է որպես «տեղական հայկական ուժերի» աջակից, անվտանգության երաշխավոր, հակամարտության երրորդ կողմ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնց սիրում է հղում անել Ալիևը, Հայաստանին էին դիմում ոչ թե զորքերն այդ տարածքներից հանելու համար (ինչպես ասում է Ալիևը), այլ՝ «տեղական հայկական ուժերի» վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու կոչով, որպեսզի նրանք դուրս գան «գրավյալ տարածքներից»:

Հայաստանը կատարել է ՄԱԿ-ի ԱԽ պահանջները, Արցախը հրաժարվել է ենթարկվել Հայաստանին: Վերջացավ: Մեր զորքը շարունակեց գնալ առաջ ու մնաց այնտեղ, որտեղ և է մինչ օրս: ՄԱԿ-ը, հակառակ Ադրբեջանի բուռն ցանկության, այդպես էլ չկարողացավ պարտադրել ոչինչ, որովհետև Հայաստանը կատարել է իր հասանելիքը:

Եթե խնդիրը տարածքային հարթության մեջ լիներ, ՄԱԿ-ի բանաձևում «տեղական հայկական ուժեր» արտահայտության փոխարեն գրվելու էր «Հայաստանի ուժեր»: Կարծեմ հենց այդպես էլ եղել է նախնական տարբերակում, բայց մեր դիվանագետներին հաջողվել է փոխել այն մեզ համար տանելի ձևակերպումով:

Մերն ուրիշ է

Սահմանների անխախտելիության սկզբունքի և ազգերի ինքնորոշման սկզբունքի միջև փաստացի հակասություն կա: Դրա համար էլ բանակցություններ են գնում՝ փոխզիջումային տարբերակ գտնելու համար: Մինչև 1998-ը Հայաստանը համառորեն հրաժարվել է ընդունել, որ Արցախի խնդիրը պիտի կարգավորվի սահմանների անխախտելիության սկզբունքի շրջանակներում՝ չխորշելով անգամ կիրառել վետոյի իր իրավունքը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում (1996) (հետագայում Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան (1999)):

Միայն Արցախի խնդրում չէ, որ ընտրվել է այս մոտեցումը: Բոլորովին տարբեր իրավիճակներում, բոլորովին տարբեր նպատակներով եղած տարածքային փոփոխություններն աշխարհում փորձում են տեղավորել ինքնորոշման իրավունքի համատեքստում: Նույնիսկ ամենազոր Ռուսաստանը Ղրիմի դեպքում փորձեց հենվել ինքնորոշման իրավունքի վրա: Որովհետև դա է աշխարհի լեզուն: Աշխարհը չընդունեց Ղրիմի հանրաքվեի օրինականությունը, կատարվածն ինքնաբերաբար որակվեց անեքսիա: Նույնը՝ հյուսիսային Կիպրոսում: Նույնը՝ Դոնբասում:

Բայց ի տարբերություն վերը թվարկված դեպքերի և ի պատիվ ժամանակի հայկական դիվանագիտության՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում նկատելի առաջընթաց էր արձանագրվել: Ադրբեջանը բանակցում էր նաև հե՛նց Արցախի հետ: Արցախը բանակցության լիիրավ կողմ էր: Արցախին բանակցային կողմ ճանաչելով՝ Ադրբեջանը, ըստ էության, ընդունել էր ինքնորոշման իրավունքի գերակայությունը տվյալ դեպքում: Մեր դիվանագիտությունը հաջողեցրել է նույնիսկ փաստաթղթի տեսք տալ սրան: 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում ֆիքսվել են հակամարտության իրավահավասար 3 կողմեր՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Նույն թվականի մայիսին ստորագրված կրակի դադարեցման համաձայնագրի տակ դրված է երեք ստորագրություն՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Թե ինչ եղավ հետո՝ բոլորս գիտենք: 1998-ից իշխանության եկած ռեժիմը զոհաբերեց մեր դիվանագիտության այս նվաճումները՝ հանուն իր իշխանության: Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, դարձավ բանակցության օբյեկտ, և մինչ օրս չի հաջողվում վերականգնել մեր դիվանագիտական նախկին դիրքերը: Ադրբեջանի դիվանագիտությանը հաջողվեց միջազգային հարթակներում փոխել խնդրի էության փիլիսոփայությունը՝ ինքնորոշման իրավունքից այն վերածելով տարածքային վեճի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սրանից հետո ագրեսոր ու օկուպանտ հռչակվելն արդեն տեխնիկայի հարց էր: Եվ հիմա Հայաստանում շատերը գոռում են այն, ինչը 20 տարի առաջ Ադրբեջանն անգամ չէր կարող երազել:

 

Նախորդ հոդվածը‘Նեյմարն ու իր որդին դարձել են «Բարսելոնա» ակումբի անդամներ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Ուկրաինական բանակը կարող է գրավել Ռուսաստանը’