‘Ռաֆայել Թեյմուրազյան. Հայկական դիվանագիտության ֆիասկոն’

11973

Արդեն քանի օր է՝ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ՀՀ իշխանության ամենավերին օղակներում չեն հասկանում, թե ինչի՛ շուրջ է արցախյան հակամարտությունը, ի՛նչ է մեր ուզածը։ Մեզ պետք է, որ Արցախի ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ուզում է, ինչպես ինքը որոշի, այսինքն՝ ինքնորոշվի։ Վերջացավ։ Մեզ պետք է ճանաչել տալ սա։ Դրանից հետո Արցախը կուզի՝ կմիանա Հայաստանին, կուզի՝ իրեն կհռչակի Մարսի տիրակալ. ինքնորոշված է՝ ինքը կորոշի։ Թե էդ տարածքում քանի հայկական եկեղեցի կա, կամ թե՝ դա ում պատմական հայրենիքն է, չե՛ն տալիս այդ հնարավորությունը, որովհետև միջազգային իրավունքը «պատմական հայրենիք» բառակապակցությունը չի հասկանում։ Մարդու իրավունքներ, ինքնորոշում՝ սրանք հասկանում է, «պատմական հայրենիք», «պապական հող»՝ սրանք, դժբախտաբար, չի հասկանում։ Չկա միջազգային իրավական նորմ պապական հողերի մասին։ Բայց, ա՛յ, կա նման նորմ ազգերի ինքնորոշման մասին։ Այն պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար, ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագրերում։

Այն, ինչ տեսանք վերջին օրերին, Հայաստանի արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկոյի ու անհեթեթության վկայությունն էր։ Քաղաքականություն, որը զարմանալի համառությամբ տարիներ շարունակ նվազեցրեց երկրի մանևրելու հնարավորություններն ու հաղթած կողմերին բերեց-հասցրեց նոր պատերազմի շեմին։

Ռազմական գործողությունների վերսկսման օրերին ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչն Ալ Ջազիրայի եթերում հատուկ շեշտում է, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ՝ Արցախի և Ադրբեջանի, որ ճիշտ է՝ Հայաստանը կանգնած է Արցախի կողքին, բայց պատերազմողն Արցախի բանակն է։ CNN-ի եթերում Արցախի արտգործնախարարն ընդգծում է, որ սա ոչ թե տարածքային հարց է, այլ՝ ինքնորոշման իրավունքի։ Մեկ էլ ՀՀ ՊՆ խոսնակը, որը մինչ այդ տեղեկատվություն տալիս շարունակ հղվում էր ԼՂՀ ՊԲ-ին, հանկարծ սկսում է հրապարակել զոհերի անունները՝ նշելով զորակոչը, զինկոմիսարիատը, հասցեն… Ու այնպես է ստացվում է, որ պաշտոնապես ՀՀ-ն զինված ուժեր ունի Արցախում, ու այդ զինված ուժերը կորուստներ են տալիս։ Հետո նույն այդ խոսնակը հայտարարում է, թե Ռիա Նովոստին ճիշտ չի հասկացել իրեն. «Մարտական գործողությունները վարում է ԼՂՀ ՊԲ-ն, և ՀՀ-ն կապ չունի»։ Մեկ էլ պարզվում է, որ ՀՀ-ն, էն՝ որ կապ չունի մարտական գործողությունների հետ, իր զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ուղարկել է Մոսկվա, որ Ադրբեջանի պաշտոնակցի հետ որոշեն, թե Արցախի ՊԲ-ն ինչ անի։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարում է, թե Արցախի ներկայացուցչի մասնակցությունն Արցախի անելիքները որոշելիս «այնքան էլ նպատակահարմար չէր» (վրիպակ չկա. հայտարարության հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարն է)։

Արցախի ինքնորոշման ճանաչման հարցում երկու խոշոր ձեռքբերում ունեինք։ Նախ, 1994-ի մայիսին կնքված զինադադարի պայմանագրի տակ դրվել էր երեք ստորագրություն՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան։ Ավելի ուշ՝ նույն թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Արցախն ամրագրվել էր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ռոբերտ Քոչարյանը բուդապեշտյան հաղթանակն Ադրբեջանին նվիրեց՝ հայտարարելով, թե ինքը կներկայացնի նաև Արցախը։ Դրանից հետո ոչ մի կերպ չի հաջողվում Արցախին վերադարձնել բանակցային կողմի կարգավիճակը։

Եվ ահա, հիմա էլ Սերժ Սարգսյանը զինադադարի պայմանագրի տակից «ջնջում է» Արցախի ստորագրությունը՝ զինադադարի պայմանավորվածության գալով առանց Արցախի։ Անգամ խոսվում է զինադադարի նոր համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Ոչ մի պարագայում չպետք է սա թույլ տալ։ Եթե Ադրբեջանը նոր պայմանագիր է ուզում, թող գնա Արցախի հետ ինչ ուզում է՝ կնքի։ Հայաստանը գործ չունի այստեղ։ Ձեր հարցերը լուծեք Արցախի հետ (այդպիսով՝ կամա թե ակամա ճանաչեք այն)։ Զինադադարի՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը համաձայնագիր է լինելու ոչ թե կրակի դադարեցման, այլ Արցախի՝ որպես ինքնուրույն կազմավորման դե յուրե վերացման մասին։ Հայաստանն իրավասու չէ Արցախի անունից որևէ որոշում կայացնել։ Արցախի անունից հանդես է գալիս միայն այդ երկրի ընտրված իշխանությունը։

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Երեկ կրակել են Վարդենիսի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Կարճ ժամանակում կվերականգնվեն վնասված տներն ու ենթակառուցվածքները’