‘Ռաֆայել Թեյմուրազյան. Մեղադրյալի պաշտպանական թիմը պատրաստ է անգամ «համագործակցել» պաշտոնական Ադրբեջանի հետ’

2657

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

«Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է Մարտի 1-ին բանակի ներգրավման մասին։ Խուդոյանը մոռացել է, որ պաշտպանական կողմի սկզբնական վարկածն այն էր, որ բանակն առհասարակ չի ներգրավվել Մարտի 1-ի դեպքերին։ Իսկ հիմա էլ զարմանում է, թե Արարատի, Նոյեմբերյանի զորամասերից զորք է բերվել, ինչո՞ւ այդ մասին չի խոսվում, բայց նշվում է Արցախից բերված զորքի մասին։

«Ազատագրված տարածքներն ապրիորի չեն կարող համարվել Արցախի հանրապետության մաս»,- ասում է Ռ.Քոչարյանի պաշտպանը՝ հավելելով. «Ազատագրված տարածքներից բերված զորքը չի կարող համարվել Արցախի Հանրապետությունից»։ Վերջին պնդումը մեղադրյալի պաշտպանը հիմնավորում է այսպես. «2008-ին Երևան են բերվել ազատագրված տարածքների անվտանգությունն ապահովող Հայաստանի զինված ուժերի սպաները»։ Այս պնդումը, եթե ասվել է սթափ և հոգեպես կայուն վիճակում, այլ կերպ քան պետական գաղտնիքի հրապարակում (իսկ իրականում՝ դավաճանական քայլ) որակել չի կարելի։

Այն մեկից մեկ համընկնում է պաշտոնական Ադրբեջանի դիրքորոշման հետ. Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը։ Մինչդեռ անգամ ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերով անվտանգության գոտին վերահսկվում է «տեղական հայկական ուժերի» (local Armenian forces) կողմից: Պաշտոնապես Հայաստանը չի ունեցել և այսօր էլ չունի զինված ներկայություն իր սահմաններից դուրս։ Արցախի սահմանները հսկում է պաշտպանության բանակը՝ հայ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ հետ միասին (որոնցից մեկն էլ վարչապետի որդին է)։

Այսպիսով, երբ այլևս հնարավոր չէ թաքցնել 2008-ին բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջման (իմա՝ սահմանադրական կարգի տապալման) փաստը, մեղադրյալի պաշտպանական թիմը պատրաստ է անգամ «համագործակցել» պաշտոնական Ադրբեջանի հետ՝ փաստացի ձայնակցելով Բաքվին, միայն թե պաշտպանյալը պլստա։ Հայաստանը և Արցախը պետք է սրան կոշտ արձագանքեն, որովհետև Ռ.Քոչարյանի թիմն ուղղակի հարվածում է Հայաստանի (Արցախի) ազգային անվտանգությանը։

Մեղադրյալի պաշտպության տեսակետից դատավարության մեկնարկը հնարավորինս ձգձգելու տակտիկան միանգամայն հասկանալի է, բայց կարմիր գծեր կան, որոնք անցնել չի կարելի։ Ռ.Քոչարյանը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի ազգային անվտանգությունից վեր դասվել չի կարող։ Նույնիսկ եթե ձեզ դրա համար վճարում են»։

Նախորդ հոդվածը‘ՍԴ անդամների հնարավոր հրաժարականներից վախեցածները’
Հաջորդ հոդվածը‘«Արարատ-Արմենիա»-ն հաղթահարում է «Սաբուրթալո»-ի արգելքն ու դուրս գալիս Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ (տեսանյութ)’