‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ո՞նց կարող է հերոս հռչակված շրջանակը խաղալ Սերժի խաղը’

16770

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

Առավոտյան այսպիսի լուր եմ կարդում. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտում է։

Խանդոյանն ունի առաջադրվելու իրավունք։ Այն խոչընդոտելն ապօրինություն է, և միանգամայն հիմնավոր է «Հիմնադիր խորհրդարանի» բողոքն այս կապակցությամբ։

Բայց ի՛նչն է արտառոց այս լուրի մեջ։ Ընդամենը մեկ ամիս առաջ նույն «Հիմնադիր խորհրդարանը» պնդում էր, թե ընտրություններն անիմաստ են, որ ընտրության գնացողը Սերժի խաղն է խաղում, որ այլ ճար չի մնացել, և երկրում միայն զենքով է հնարավոր հարցեր լուծել։ Այս հիմնավորմամբ հարձակում եղավ պետական շենքի վրա, զոհեր, վիրավորներ եղան, առանց այն էլ աննախանձելի վիճակում գտնվող պետությունը հարված ստացավ, ու հիմա պարզվում է, որ կարելի է մասնակցել ընտրության։

Ի՞նչն է փոխվել, որ ուզում են ընտրության մասնակցել։ Ինչո՞ւ հանկարծ ընտրություններն էլ անիմաստ չեն։ Ո՞նց կարող է հերոս հռչակված շրջանակը խաղալ Սերժի խաղը։ Ընտրության մասնակցելու ցանկության փաստը վերացնում է զինված պայքարի իրենց հիմնավորումը։ Եթե ընտրությունով հնարավոր է հարց լուծել, ապա դու ինքդ քեզ հայտարարում ես հանցագործ։

Անկախ նրանից, թե ինչ դրդմամբ գնացին այդ քայլին, փաստ է, որ ապրիլյան պատերազմից հետո է՛լ ավելի բարդ վիճակում հայտնված Հայաստանը (Արցախը) հարված ստացավ։ Եվ սա՝ լավագույն դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» քաղաքական անմեղսունակության, վատագույն դեպքում՝ այլոց կողմից այդ հանգամանքի օգտագործման արդյունքում։

Նախորդ հոդվածը‘Հունաստանը որոշում է՝ ապաստան տա՞լ թուրք փախստական զինվորականներին, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց’