‘Ռաֆայել Իշխանյանի այդ հոդվածը ռումբի ազդեցություն էր ունենալու հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի’

3290

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրում է.

Միշտ էլ ուզեցել եմ պատմել իմ սիրելի դասախոս Ռաֆայել Իշխանյանի մասին այս պատմությունը, բայց ամեն անգամ սիրտս ճմլվել է, կիսատ եմ թողել ու ջնջել գրառումս։
Հուսով եմ, այս անգամ կիսատ չեմ թողնի։
Ես տարեթվեր լավ չեմ հիշում, բայց լավ եմ հիշում՝ Վազգեն Մանուկյանի ու ԱԺՄ-ի ամենակատաղի պայքարի շրջանն էր ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։
Այդին Մորիկյանը կանչեց իր աշխատասենյակ, մի հոդված տվեց ինձ, ասաց՝ կարդա։ Կարդացի։ Ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության եւ ընդդիմության սնանկության մասին հոդված էր՝ փաստարկված, հիմնավորված։
Բայց զարմանալին դա չէր, նման հոդվածներ հաճախ էին գրվում։ Զարմանալին ու անսպասելին հոդվածագրի անուն-ազգանունն էր՝ Ռաֆայել Իշխանյան։
Ես էլ ապշեցի Այդինի նման։ Երկուսս էլ հասկանում էինք, որ այդ հոդվածը պատերազմ էր սեփական ընտանիքի դեմ։
Երեկո էր։ Թերթն արդեն գրեթե պատրաստ էր տպագրության։ Այդինն ասաց՝ վաղը տպենք, էսօր էջերը չքանդեմ։ Շատ խնդրեցի, համոզեցի, որ չուշացնի, որ պետք չէ հաջորդ օրվան թողնել։
Ցավոք, չլսեց Այդինը։
Հաջորդ օրը եկա աշխատանքի, Այդինը նորից կանչեց ինձ։ Անտրամադիր էր։ Ասաց՝ իզուր չլսեցի քեզ։ Ու պատմեց։ Պատմեց, որ առավոտ շուտ եկել է Ռաֆայել Իշխանյանը՝ շատ հուզված, այլայլված, խնդրել է, որ հոդվածը հետ տա։ Այդինը, բնականաբար, հետ էր տվել, բայց նաեւ հարցրել էր՝ պարոն Իշխանյան, բա որ արդեն տպած լինեի… Սիրելի դասախոսս դողացող ձայնով ասել է՝ դե, ինչ պետք է անեի, եթե տպված լիներ…
…Տխրեցինք շատ, որովհետեւ քաղաքական գերլարված մթնոլորտում Ռաֆայել Իշխանյանի այդ հոդվածը ռումբի ազդեցություն էր ունենալու հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ի վնաս Ռաֆայել Իշխանյանի փեսա Վազգեն Մանուկյանի։
Նաեւ ուրախացանք, որ չէր տպվել։ Այդինն ասաց՝ էդ մարդուն հում-հում կուտեին տանը։ 
Դժվար էր չհամաձայնել։

Նախորդ հոդվածը‘Դավիթ Գարեջայի վանական համալիրը՝ կռվախնձոր Վրաստանի և Ադրբեջանի միջև’
Հաջորդ հոդվածը‘BBC-ի հաղորդավարին ազատել են աշխատանքից՝ արքայական նորածնի մասին twit-ի համար’