‘Ռաֆայել Իսրայելյանի ժառանգության լուսաբանումը համացանցում’

1597

Այսօր արդիական են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաները, համացանցը ինֆորմացիայի տարածման ամենահզոր եւ ամենազանգվածային միջոցն է: Հենց սրանից դրդված՝ ստեղծեցի Ռաֆայել Իսրայելյանի կայքը:

2008 թվականին, երբ պետք է նշվեր Վարպետի հարյուրամյա հոբելյանը, առաջարկեցի ստեղծել կայքը: Առաջարկս համաձայնության արժանացավ հասարակական կազմակերպության և ընտանիքի անդամների կողմից: Դրանից հետո ձեռնամուխ եղա սույն պատասխանատու մտահաղացման իրագործմանը:  2008 թվականից պատրաստեցի կայքի մի քանի տարբերակներ` հագեցնելով դրանք ինչպես նյութերով, այնպես էլ ծրագրային ապահովմամբ: Ներկայիս հայալեզու տարբերակը թվով չորրորդն է, շուտով այս տարբերակը կհանգեցվի նաեւ ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով:

Աշխատանքներ դեռ շատ կան, քանզի թվում է, թե անսպառ է Մեծ ճարտարապետի ժառանգությունը և գործունեությունը՝ արխիվում օրեցօր նոր նյութեր են հայտնաբերվում, որոնք եւ պարտավորվում եմ ներկայացնել հանրությանը: Նմանօրինակ կայքերը իրենցից ներկայացնում են ոչ միայն ինֆորմացիայի մատուցման համակարգեր, այլև ասես կենդանի օրգանիզմներ լինեն, որոնք երկխոսություն են ապահովում  կայքի հեղինակի, թեմայի և օգտատերերի ու այցելուների միջև:

Կայքին հետևեց  նաև facebook սոցիալական  ցանցում Ռաֆայել Իսրայելյանի էջի բացումը, որն արդեն ունի 1000-ից ավելի անդամներ: Հարկ եմ համարում  նշել սոցիալական  ցանցերի միջոցով վարպետի ճանաչման հարցը, քանզի հիմնական ակտիվ երիտասարդությունը ընդգրկված է հենց նույն facebook-ում, և այդ էջի շնորհիվ շատ տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդիկ ծանոթացան և դեռ կծանոթանան հայկական ճարտարապետությանը՝ ի դեմս Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունների:

Ռաֆայել Իսրայելյանի թանգարանի բացակայության և հեռուստատեսության միջոցով լուսաբանման բացակայության պայմաններում համացանցը մնում է միակ, բայց և հիմնական  ու, ըստ երևույթին, ամենաարդյունավետ ձևը՝ լայն զանգվածներին մատուցելու Իսրայելյանի ստեղծագործությունները, կերպարը և ժառանգությունը: Անցած 5 տարիների ընթացքում գրանցվել է 1,5 միլիոն այցելություն, այսինքն՝ տարեկան 300 հազար, վստահորեն կարելի է ասել, որ այսօրվա տուն թանգարաններն այդքան այցելություն չեն գրանցում նույնքան ժամանակում:

Հայկական համացանցը նոր զարգացող կառույց  է, եւ սույն կայքը հայ նշանավոր գործիչների կենսագրական առաջին կայքերից է: Առաջիններից էր նաև Վարազդատ Հարությունյանի կայքը, որը, դժբախտաբար, նրա որդու՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվանից հետո մոռացության մատնվեց և հետևող չունենալու պատճառով վերացավ, ինչը վկայում է պետական աջակցություն չունենալու, հասարակության և արվեստի, մշակույթի գործիչների անտարբերության մասին: Այն ժամանակ փոխադարձաբար բարձր էին գնահատվել ինչպես Վարազդատ Հարությունյանի կայքը, այնպես էլ rafaelisraelyan.com-ը, և կային համագործակցության հեռանկարներ, որոնք, ցավոք սրտի, չպետք է իրականանային:

Բազում արձագանքներ և կարծիքներ են ստացվում աշխարհի ամենատարբեր հատվածներից. սա ցույց է տալիս ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը: Ահա նրանցից մեկ-երկուսը.

Սուրեն Աբովյանը գրում է.

Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում կայքը ստեղծողներին, ժողովրդական ճարտարապետի թողած անգին ժառանգության և նրա օրինակելի կենսագրության լուսաբան համար: Ճարտարապետի փառքը իր անվան հետ կապրի հավերժ` հավերժացնելով մեր ազգի արվեստը:

Մեկ այլ այցելու՝ Անահիտ Բերբերյանը,  գրում է.

Առանց այս կայքէջի՝ նման սպառիչ տեղեկություն չէի ունենա հրաշալի Ճարտարապետի մասին, չնայած մասնակցել եմ իր հուշ-երեկոյին ճարտարապետների միությունում: Կարծում եմ՝ հիմա, երբ քաղաքաշինության խնդիրը ամենահրատապն է, պետք է շտապ այս և նմանատիպ կայքէջերը մասսայականացնել, որպեսզի ազգը սովորի երկյուղածությամբ վերաբերվել իր հանճարներին, և բիզնեսային վերաբերմունքին փոխարինի ակնածանքը ամեն մի հնատաշ  քարի ու շինության հանդեպ: Քարերի երկիր Հայաստանում մենք դիմագիծ և մշակույթ ունենք առաջին հերթին ճարտարապետությամբ…

Չէի ուզի, բայց ստիպված եմ խոսել ցավալի ու ամոթալի մի երևույթի, այն է՝ հեղինակային իրավունքների ոտնահարման և ակնհայտ ստեղծագործական գրագողության՝ պլագիատի մասին, որի ականատեսն ու վկան ենք մենք այսօր, երբ արվեստի ճանաչված գործիչների որոշ հետնորդներ և ժառանգներ փորձում են իրենց նախնիներին վերագրել Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական-գեղարվեստական մտքի արգասիք հանդիսացող ստեղծագործու­թյուններ՝ առանց հասկանալու, որ դրանով իսկ նրանք արջի ծառայություն են մատուցում իրենց նախնիներին, նսեմացնում և անարգում նրանց հիշատակը, և որոնք, խորապես համոզված եմ, իրենք երբեք չէին դիմի նման անբարո արարքի:

Մասնավորապես՝ փորձում են Գեղարդի ճանապարհի հուշակոթողի առյուծի հեղինակ դարձնել Արա Հարությունյանին, իսկ Էջմիածնի մայրուղուց Զվարթնոց տաճար տանող ճանապարհի մուտքի արծիվի հեղինակ ներկայացնել Երվանդ Քոչարին, որոնք երկուսն էլ բացառապես ընդամենը կատարողների դեր են ունեցել այդ  ստեղծագործությունների իրականացման ժամանակ: Պարզից էլ պարզ է, որ ոչինչ կամ գրեթե ոչինչ չէր փոխվի, եթե Ռաֆայել Իսրայելյանը այդ առյուծի կամ արծիվի քանդակումը հանձնարարեր կամ թույլատրեր մեկ այլ քանդակագործի, քանզի այստեղ կարևորը մտահղացումն է՝ ավարտուն ճարտարապետական – քանդակային մանրակրկիտ մշակմամբ և հեղինակի նկարչական փայլուն ներկայացմամբ: Այլապես, եթե հետևենք այդ ընկերների տրամաբանությանը, ապա Սարդարապատի հուշահամալիրի շինարարությանը մասնակցած որոշ քարագործ վարպետներ կարող են իրենց վերագրել թևավոր ցուլերի կամ արծիվների հեղինակային իրավունքը: (Կամ ցանկացած երգիչ կարող է իրեն վերագրել կոմպոզիտորի ցանկացած  երգ, մանավադ՝ երբ հենց ինքն է լինում այդ երգի առաջին կատարողը):

Երբեմն գործը հասնում է բացահայտ անհեթեթության: «Երևան» հեղինակավոր ամսագրում (2011 թ սեպտեմբեր) գրված է, որ հաղթանակի մոնումենտի հեղինակն է ճարտարապետ Արա Հարությունյանը, մինչդեռ հարգարժան քանդակագործը այդ մոնումենտի բացման ժամանակ (1950 թ. նոյեմբերի 29, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակի օրը) դեռ նոր պետք է ընդունված լիներ Գեղարվեստաթատերական ինստիտուտ, էլ չենք խոսում, որ առնվազն մի 3 տարի էլ դրան նախորդել են նախագծման և շինարարական աշխատանքները:

Նմանօրնակ և զանազան այլ տեսակի ստեր ու կեղծիքներ տարածողները իրականում ստվեր են գցում ճանաչված և հարգարժան քանդակագործ արվեստագետների վրա՝ նրանց բարի համբավը զոհաբերելով սեփական «ջեբկիրային» հոգեբանությանը:

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի բացառվեն նման խայտառակությունները, և դրանց հեղինակները պետք է գիտակցեն նման վարքագծի ոչ միայն անհեռանկար լինելը, այլև վտանգավորությունը: Ոչ ոք և, առաջին հերթին, Ռաֆայել Իսրայելյանի ժառանգները թույլ չեն տա որևէ ոտնձգություն նրա ստեղծագործական ժառանգության, նրա անմահ գործի և հիշատակի հանդեպ:                                   

Արամ Ղանալանյան

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘2014-ին Հայաստանում կմեկնարկի «Հյուսիս-Հարավ»-ի միջանցքի 3-րդ տրանշի վարկային ծրագրի իրացումը’