‘ՌԴԿԿ-ում ուզում են չեղյալ հայտարարել 1921 թ. պայմանագիրը Թուրքիայի հետ’

1660

Ռուսաստանի պետդումայում ՌԴԿԿ-ն ներկայացնող երկու պատգամավոր առաջարկել են  Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների սառեցման ֆոնին չեղյալ հայտարարել  երկու երկրների միջև 1921 թ. կնքված «բարեկամության և եղբայրության» պայմանագիը:

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է 1921 թ. մարտի 16-ին ՌՍՖՍՌ-ի և Թուրքիայի քեմալական կառավարության միջև: Պայմանագրում նշվել է Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, ընդ որում՝ Թուրքիան հրաժարվել է Բաթումի հանդեպ իր նկրտումներից, բայց ստացել է Բաթումի մարզի հարավային մասը և Հայկական ԽՍՀ-ի տարածքի մի մասը, այդ թվում՝ Արարատ լեռը, փոխանցում է BBC-ն:

ՌԴԿԿ-ից պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը պայմանագիրը չեղյալ անելու առաջարկով նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին: «Ընդօրինակելով իրենց ավագ գործընկերների վատագույն ավանդույթները՝ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունն անընդհատ դրսևորում է ագրեսիվ, եսասիրական քաղաքականություն, որը հիմնված է երկակի չափորոշիչների վրա: Այդ կապակցությամբ, կարծում ենք, ավելորդ չէր լինի թուրքական իշխանություններին հիշեցնել, որ 1921 թ. մարտի 16-ին Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև կնքված բարեկամության և եղբայրության պայմանագիրը հավիտենական չէ»,- ասվում է նամակում, որը մեջբերել է «Известия»-ն:

Փորձագետները, սակայն, նախազգուշացնում են, որ այս առաջարկի հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել. 95-ամյա վաղեմության պայմանագրից հրաժարվելը կարող է միայն ավելի բարդացնել ճգնաժամը Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում և բացել «Պանդորայի արկղը»՝ անցյալում կայացված աշխարհաքաղաքական որոշումները վերանայելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ասելիք’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայում հետախուզվում է դոկտոր Լեկտերի երկրպագուն’