ՌԴ դեսպանը Լոնդոնում․ Մոսկվան Ուկրաինայում միջուկային զենք չի կիրառի

619

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ պատերազմում մարտավարական միջուկային զենք չի կիրառի։

Նա նաև կրկնել է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այն հարցում, թե ռուսաստանցի զինվորականների բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին լուրերը կեղծ են։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանում «խստորեն կանոնակարգված է միջուկային զենքի կիրառումը, և հիմնականում՝ դա հնարավոր է այն դեպքերում, երբ պետության գոյությունը սպառնալիքի տակ է»։ «Դա ոչ մի կապ չունի ընթացիկ գործողության հետ»,- ասել է դեսպանը։

Ի պատասխան՝ լրագրողը դեսպանին հիշեցրել է, որ Ուկրաինա ներխուժելու գլխավոր առիթներից մեկը Կրեմլը համարում է հենց սպառնալիքը Ռուսաստանի գոյությանը՝ թե իբր Ուկրաինան ծրագրել էր առաջինը հարձակում գործել։

Դեսպանը շտապել է հավաստիացնել, թե Ռուսաստանն «այդ խնդիրը լուծում է սահմանափակ ռազմական գործողության միջոցով»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԸստ նախկին նախագահի` Ուկրաինային պետք է զենք մատակարարել
Հաջորդ հոդվածըՆազարբաևը հայտարարել է, որ իր ազգականները չպետք է օրենքից թաքնվեն