‘ՌԴ զինվորական դատարանը Պերմյակովին կդատի ՀՀ տարածքում ‘

172794

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը, ով միաժամանակ նաեւ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության քննության համար ստեղծված համատեղ հանձնաժողովի համանախագահն է, հայտարարել է, որ վերջին տեղեկությունների համաձայն, Գյումրիում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված գործի քննության ավարտից հետո մեղադրյալ Վալերի Պերմյակովին ՌԴ զինվորական դատարանը դատելու է Հայաստանի տարածքում:

Նրա խոսքով, այդ ամենը հաստատելու կարիք կար այն պատճառով, որ «Հայաստանում լուրեր են տարածվում, թե Պերմյակովին ՌԴ տարածքում են դատելու»:

«Այդպիսի ձեւ կա՝ զինվորական դատարանի արտագնա նիստ»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ հենց այդ եղանակով են դատելու Պերմյակովին:

Նա նաեւ հավելել է, որ քննության ընթացքում հարցաքննվել է մոտ 4000 վկա, իրականացվել է 19 փորձաքննություն, այդ թվում՝ հոգեբանական եւ բալլիստիկ:

«Փորձաքննությունները գրեթե ավարտված են, սակայն վկաների հարցաքննությունը դեռ ընթացքի մեջ է»,- հայտարարել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում 6 հոգու սպանություն է կատարվել՝ բոլոր սպանվածները նույն ընտանիքի անդամներ են եղել: Սպանվել էին Սերյոժա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Աիդա Ավետիսյանը, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը (2 տ.): Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ օրեր անց մահացել էր:

Դաժան սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: 

Նախորդ հոդվածը‘ԽՍՀՄ հավաքական — Աշխարհի հավաքական 3-3 (լուսանկարներ,տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Հայաստանն այսօր գրավիչ երկիր է’