‘«ՌԴ իշխանությունները Հ. Հարությունյանին օգտագործում են ներքին ու արտաքին խնդիրներ լուծելու համար»’

1062

Հրաչյա Հարությունյանը չէր խուսափել նախաքննական մարմիններից, չէր խոչընդոտել նախաքննական գործողությունները, չէր փորձել հեռանալ դեպքի վայրից, ուստի նխաքննությունը կարող էր սպասել մինչեւ նրան պատշաճ հագուստով դատարան տեղափոխելու մասին: Այսօր «Մեդիա Կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՄԻՊ գրասենյակի իրավաբան Արամ Վարդեւանյանը:

Նա տեղեկացրեց, որ գրասենյակը մշտական կապի մեջ է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած, 18 մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ:

«Փաստաբանը Հարությունյանին տեսել է հիվանդանոցում հիվանդանոցային հագուստով եւ եթե անհրաժեշտություն կար, ավելի պատշաճ կլիներ նրան հենց այդ հագուստով տեղափոխել դատարան», — նշեց իրավաբանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, Ռուսաստանի իշխանություններն այս դեպքը օգտագործում են ներքին կամ արտաքին տեղեկատվական գործողությունների համար: Ակնհայտ է, որ սա պատահականություն չէ:  Բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ Հրաչյա Հարությունյանին ներկայացնում են որպես «վարորդ-հայ»», — նշեց Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ  ՌԴ Պետդուման դեռեւս 2007-ից քննարկում է հարցը, որ հանցագործի կամ մեղադրյալի ազգությունը չնշվի, բայց այս նախագիծն անընդհատ արգելափակվում է նույնիսկ այն դեպքում, երբ 2012-ի դեկտեմբերին նախագահ Պուտինը խոսել է դրա անհրաժեշտության մասին:  

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, Հարությունյանը խոցելի է նաեւ այնքանով, որ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ժամանակին եւ պատշաճ կերպով չի զբաղվել նրա պաշտպանությամբ:   «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում , որ ՀՀ քաղաքացիներն անպաշտպան են: Ինչո՞ւ պետք է ՄԻՊ գրասենյակից առաջին արձագանքը լինի: Հասարակ քաղաքացին պետք է համոզված լինի, որ եթե արտերկրում նեղն ընկավ, պետությունն իրեն կպաշտպանի», — ասաց փորձագետը: Նրա կարծիքով, ռուսաստանյան տեղեկատվական դաշտը վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար բացասական տեղեկատվություն  տարածում հայերի ու Հայաստանի մասին: «Նայեք 2-3 շաբաթվա լրահոսը, կտեսնեք, որ անընդհատ ճնշում է գործադրվում ՀՀ քաղաքացիների վրա: Նախկին դեսպանի հարցազրույցը, Զատուլինի, Կուրղինյանի ելույթները , դրանք խտացված հակահայկական ելույթներ են: Սա կլինի մինչեւ նոյեմբեր՝ մինչեւ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը», — ասաց Սամվել Մարտիրոսյանը, հավելելով, որ Կրեմլի «քառակուսի» քաղաքականության պատճառով վերջին 10 տարիներին Հայաստանում հակառուսական տրամադրություններ են առաջացել:

Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ Հարությունյանի նկատմամբ դրսեւորված վերաբերմունքի շնորհիվ ՌԴ իշխանությունները հիմնականում ներքին խնդիր են լուծում՝ ողբերգության մեղավորների շրջանակը նեղացնելով մինչեւ վերջին օղակը՝ արտասահմանցի վարորդը, որպեսզի պետական մարմինների պատասխանատվությունը չընդգծվի:

Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ կատարվածի մեջ առկա է նաեւ ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը: Նրա խոսքով, Կառավարությունն անտեսել է մարդու հեգսերը, չի աջակցել նրան որդու հիվանդության ժամանակ եւ մահվանից հետո, եւ Հարությունյանը ստիպված է եղել որդու շիրմաքարի համար գումար վաստակել Ռուսաստանում:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Հանգանակությունը՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օժանդակելու նպատակով ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը’