‘ՌԴ միգրացիոն ծառայություն. Մենք չենք պատրաստվում փակել երեւանյան գրասենյակը ‘

3114

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը չի պատրաստվում փակել Երեւանում իր ներկայացուցչությունը՝ չնայած «Հայրենակիցներ» ծրագրին ուղղված՝ Հայաստանի կառավարության քննադատությանը, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԴՄԾ ղեկավարի առաջին տեղակալի վրա:

«Ներկայացուցչությունն աշխատում է: Եվ կարծում եմ, որ Հայաստանում մեր դեսպանը շատ լավ է արտահայտվել այդ հարցի առնչությամբ: Ցավոք, հայկական կողմը հաշվի չի առնում այն, որ կան որոշակի տնտեսական պատճառներ, որոնց պատճառով հայերը հեռանում են իրենց երկրից», — հայտարարել է Եկատերինա Եգորովան:

Հիշեցնենք, որ oրերս Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, թե ընդլայնում ու դյուրացնում է «Հայրենակիցներ» ծրագրի իրականացումը եւ խնդիր է դրել տարեկան ապահովել 300 հազար միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր արտերկրից մարդկանց Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։

Մինչդեռ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոկտեմբերի 3-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ:

Վարչապետի հայտարարությանը հետեւեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի կոշտ արձագանքը, որը խորհուրդ տվեց կառավարությանը՝ գրասենյակներ փակելու փոխարեն վերացնել արտագաղթի պատճառները Հայաստանում:

Նախորդ ուրբաթ հայ-ռուսական միջկառավարական հանդիպումից հետո անգամ գրավոր փաստաթուղթ է ստորագրվել, որում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Բոլորս էլ մարդ ենք’
Հաջորդ հոդվածը‘Երեխաները նկարում են Երեւանը (Տեսանյութ)’