ՌԴ մշտական ներկայացուցիչը քննադատել է 50 պատվիրակությունների դիմումը

223

Զապորոժյան ԱԷԿը հոսանքազրկելու կապակցությամբ հիսուն պատվիրակությունների կոլեկտիվ դիմումը, որը հինգշաբթի ուղարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Խորհրդին, քաղաքական նպատակներին հասնելու համար միջուկային անվտանգությունը որպես մանրադրամ գործածելու փորձ է, հինգշաբթի հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Ուկրաինայի հարցով 50 պատվիրակությունների կոլեկտիվ դիմումին ծանոթանալուց հետո անհարմար ես զգում դրա գլխավոր համահեղինակների (Կանադայի և Ֆինլանդիայի) համար, որոնք մյուս երկրներին առաջարկել են միանալ լրիվ հում և քաղաքականացված մի փաստաթղթի, որը խեղաթյուրում է իրական վիճակը միջուկային անվտանգության և Ուկրաինային երաշխիքներ տրամադրելու ոլորտում։ Ընդհանուր առմամբ՝ այսօր հնչած կոլեկտիվ հայտարարությունը բացառապես քաղաքական նպատակների հասնելու համար միջուկային անվտանգության կարևորագույն թեման որպես մանրադրամ օգտագործելու անպիտան փորձ է»,- հայտարարել է Ուլյանովը։ Ավելին, ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ այդ հայտարարությունը յուրօրինակ «քարտ-բլանշ» է տալիս ուկրաինական կողմին՝ շարունակելու ԶԱԷԿ-ի գնդակոծումը։

Հինգշաբթի օրը Զապորժյան ԱԷԿ-ը լրիվ հոսանքազրկվել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո՝ վեցերորդ անգամ։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կայանն առանց էլեկտրականության է մնացել 11 ժամ։ Այդ կապակցությամբ 49 երկրներ և Ատոմային էներգիայի եվրոպական ընկերությունը դիմել են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների Խորհրդին՝ պնդելով, որ հարկավոր է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել միջուկային անվտանգության սկզբունքները խախտելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷնրիկեն կարող է գլխավորել «Տոտենհեմը» լոնդոնյան ակումբը մի քանի տարբերակ է դիտարկում
Հաջորդ հոդվածըՀրաձգություն Համբուրգի «Եհովայի վկաների» կենտրոնում․ կա յոթ զոհ