ՌԴ–ն արձակել է առաջին միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռը

347

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետևում է, որ պետական փորձարկումների ծրագրում սա առաջին արձակումն է։ Պուտինը տեսակապով հետևել է հրթիռի փորձնական արձակմանը։

«Այս իսկապես բացառիկ զենքը կամրացնի մեր զինված ուժերի մարտական կարողությունները, հուսալիորեն կապահովի Ռուսաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքներից և կստիպի մտածել նրանց, ովքեր սանձարձակ, ագրեսիվ հռետորաբանությամբ փորձում են սպառնալ Ռուսաստանին»,- հրթիռի արձակումը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մոսկվան նախապես ԱՄՆ-ին զգուշացրել է «Սարմատի» փորձարկման մասին։ Վաշինգտոնը հրթիռի արձակումը չի համարում սպառնալիք, լրագրողներին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Ռուսաստանի իշխանությունները փորձարկումն անցկացրել են այն ժամանակ, երբ Ուկրաինայի պատերազմում միջուկային զենք կիրառելու մտավախություն կա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելգրադ. Կարեն Խաչանովն առանց պայքարի դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըՉինաստանը ցուցադրել է YJ-21 գերձայնային հականավային հրթիռը