ՌԴ-ն Մինսկին է փոխանցել նացիստների պատժիչ գործողությունների մասին վերմախտի փաստաթղթերը

238

Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը հայտարարել է, որ Ռուսաստանը բելառուսական կողմին է փոխանցել վերմախտի փաստաթղթեր՝ պատժիչ գործողությունների մասին նախկինում անհայտ տեղեկատվությամբ։

«Այդ փաստաթղթերից մենք իմացանք մարդկանց զանգվածային ոչնչացման՝ նախկինում անհայտ տասնյակ վայրերի մասին։ Իմացանք, որ պատժիչ գործողություններ են կատարվել, որոնք նախկինում հայտնի չեն եղել»,- Շվեդի խոսքն է մեջբերել դատախազության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, փոխանցված փաստաթղթերից մեկում հիշատակվում է մինչ օրս որևէ տեղ չնշված «Կապիկը վանդակում» պատժիչ գործողության մասին։

«Վիտեբսկի մարզ, քառասուներեք թվականի վերջ, Վերմախտի փաստաթղթերից հետևում է, որ նրանք ոչնչացրել են տասնյակ բնակավայրեր և, ինչպես իրենք են նշում՝ առնվազն 14 հազար պարտիզան, այսինքն՝ խաղաղ բնակիչներ։ Եվ ոչ մի տեղ, մեր փաստաթղթերից ոչ մեկում տեղեկություն չկա այդ պատժիչ գործողության մասին։ Ընդ որում՝ նրանք այնքան մանրակրկիտ են փաստաթղթավորել իրենց զինամթերքի ծախսերը»,- պատմել է Շվեդը։

Բելառուսում շարունակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետպատերազմյան շրջանում բելառուսցի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ  քրեական գործի հետաքննությունը։ Դատախազության տվյալներով՝ 2023 թ․ սկզբի դրությամբ՝ ցեղասպանության վերաբերյալ  քրեական գործով հարցաքննվել է 16 հազար մարդ, որոնցից ավելի քան 7,6 հազարը՝ մահվան ճամբարների նախկին կալանավորներ։ Բելառուսական դատախազությունը լրացուցիչ պարզել է տեղեկություններ առնվազն 1,3 հազար՝ նախկինում անհայտ հրկիզված բնակավայրերի, ինչպես նաև 90-ից ավելի մահվան ճամբարների մասին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստանում պնդում են, որ երկիրն անվանափոխվի Ղազախական Հանրապետություն
Հաջորդ հոդվածըՍիրիայի նախագահը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին