‘ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները’

1326

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունն այս պահի դրությամբ չունի որեւէ տեղեկատվություն գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ այս պահին ճշտում են լուրի իսկությունը: «Այս պահին փորձում ենք ճշտել լուրի իսկությունն ու մանրամասներ ստանալ միջադեպի առնչությամբ»,- ասաց Ջամբազյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2014թ. հուլիսի 15–ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանին, ով Մոսկվա էր ժամանել Մոնակոյից: Գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։ 

Նախաքննական մարմինը կարծում է, որ հանցավոր խմբի կողմից իրականացվել են ավելի քան 20 ծանր եւ հատկապես ծանր հանցագործություներ, այդ թվում նաեւ տասնյակ սպանություններ:

Նշենք նաեւ, որ այս գործի շրջանակներում վերջերս Թաիլանդում ձերբակալվել էր Շյոլկովյան հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Մատուսովը` հանցավոր աշխարհում հայտնի Բասմաչ մականունով, ում մոտ հայտնաբերվել էր հայկական անձնագիր:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 22-ի’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները դիմել են ԿԽՄԿ-ին’