‘ՌԴ փորձագետ. ԱՄՆ-ն միջնորդավորված կանգնած է Գրոզնիի արյունալի ակցիայի հետևում’

1053

Հյուսիսային Կովկասի ապակայունացման փորձը ձեռնտու է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդին  և մրցակցին` ԱՄՆ-ին, որն էլ հենց միջնորդավորված կանգնած է Գրոզնիի արյունալի ակցիայի հետևում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների  ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յանա Ամելինան:

 «Սակայն այժմ ոչ 90-ական, ոչ էլ 2000-ական թվականներն են: Կովկասի պայթեցման նախագծերից ստիպված են լինելու հրաժարվել, և` որքան շուտ, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար: Ակնհայտ է, որ Գրոզնիի ահաբեկչության մեղքը, որի արդյունքում զոհվեցին 14 ոստիկաններ, ընկած է արմատական-իսլամական ահաբեկչական ընդհատակի վրա», — համոզված է Ամելինան:

Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին իրավապահ մարմինները տպավորիչ հաջողությունների են հասել արմատականներին ուժային հակազդեցության գործում: Բացի այդ, նրանց ոչ քիչ մասը և հնարավոր պահեստայինները մեկնել են պատերազմելու Սիրիայում և Իրաքում: Այդուհանդերձ, նրա կարծիքով, պնդել, որ այդ վտանգը վերացել է օրակարգից, անշուշտ, դեռ վաղ է: Ամելինան ափսոսանքով նշել է, որ ծայրահեղականները կարողացան իրենց հնարավորությունները ցուցադրել նույնիսկ այնպիսի ռազմականացված և իսլամական արմատականության վտանգը գիտակցող հանրապետությունում, ինչպիսին է Չեչնիան:

Փորձագետը չի կասկածում, որ դրանից լուրջ հետևություններ կարվեն, ընդ որում` ոչ այնքան Չեչնիայում, որքան Կովկասի և Պովոլժիեի այլ հանրապետություններում, որտեղ վերջին ժամանակներս կրկին ուժ է ձեռք բերում իրական խնդիրները լռության մատնելու անառողջ միտումը: Իսկ այս կամ այն դժվարությունների ժխտումը, նրա գնահատմամբ, անհնար է դարձնում դրանց լուծումը, ինչն ամենաբացասական հետևանքները կունենա:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ֆինանսների նախարարը ազդարարել է ռուբլու անկման ավարտը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը մտադիր է Հայաստանի դպրոցներում չինարենի ուսումնասիրման նախագիծ իրագործել. Դեսպան’