‘ՌԴ ֆիննախ. 2014 թ. կուտակային կենսաթոշակները վերադարձնելու աղբյուրներ չկան, փողերն ուղղվել են Ղրիմին ‘

928

ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը հանդես է գալիս 2014 թ. քաղաքացիների կուտակային կենսաթոշակները վերադարձնելու դեմ՝ պատճառաբանելով, որ դրա համար աղբյուրներ չկան: Կուտակային կենսաթոշակների գումարը 2014 թ. համար կազմում է 243 մլրդ ռուբլի:

«Դրա համար աղբյուրներ չկան, ոչ ոք մտադիր չէր վերադարձնել այդ փողը, որովհետև դա գնացել է Ղրիմ, հակաճգնաժամային միջոցառումների վրա: Այժմ, քանի դեռ այդ պաշարը կա, այն, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին,- լրագրողներին հայտարարել է Սիլուանովը և հավելել:- Այնքան հեշտ է ասել՝ մենք կվերադարձնենք այդ փողերը: Դա չկշռադատված առաջարկ է, որը մենք չենք քննարկել: Պետք է հեղինակին հարցնել, թե նա ինչի՞ հաշվին է դա անելու»:

«Ведомости» թերթին տված հարցազրույցում տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ նման առաջարկ է անելու կառավարությանը:

2013 թ. սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների կուտակային կենսաթոշակները 2014 թ. կուղղվեն վերաբաշխիչ համակարգին: Այդպիսով՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կկասեցվի մեկ տարով: Դրանից առաջ կառավարությունը մտադիր էր զրոյացնել կենսաթոշակի կուտակային բաղադրիչը միայն «չխոսկանների» համար, ովքեր ցանկություն չեն հայտնել՝  իրենց կենսաթոշակային կուտակումները փոխանցել ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամին կամ մասնավոր կառավարիչ ընկերությանը: Դրանից առաջ էլ ենթադրվում էր, որ 2014 թվականից կենսաթոշակի կուտակային պահումները 6 %-ից կիջեցվեն մինչև 2 %, իսկ մնացած 4 %-ը կուղղվի կենսաթոշակի ապահովագրմանը, կամ էլ, քաղաքացու դիմումի հիման վրա՝ ամբողջ 6 %-ը կմնա նրա կուտակային մասում:

Անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կառավարությունը հաստատեց կենսաթոշակային նոր բանաձևը, որի գլխավոր նորարարությունն այն է, որ աշխատանքային կենսաթոշակի ապահովագրական մասը կհաշվարկվի ոչ թե բացարձակ թվերով, այլ գործակիցներով: Առավելագույն գործակիցներ վաստակում են նրանք, ում համար գործատուն ողջ ծավալով և առավելագույն աշխատավարձից ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամին վճարում է  ապահովագրական վճարները:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ալիեւը ԵԽԽՎ ամբիոնից դարձյալ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ նկրտումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Գեղամյանը եւ ՀՀԿ-ն’