‘«Ռեալը» խաչ քաշեց, կանգնեց’

945

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կայացած երկու հանդիպումների արդյունքները կարող են էական ազդեցություն թողնել առաջնության հետագա ընթացքի վրա:

Թերեւս, տուրի կենտրոնական խաղը կայացավ «Մալագայում», որտեղ տեղի համանուն թիմը ընդունել էր «Վալենսիային»: Երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայում ժամկետիից շուտ ապահովել են փլեյ-օֆի ուղեգիր, եւ այժմ Իսպանիայում պայքարում են ՉԼ-ի չորրորդ ուղեգրի համար:

Սակայն սպասված թեժ հանդիպումը չեղավ: «Մալագան» պարզապես փայլուն հանդես եկավ, ցուցադրեց այս առաջնությունում իր լավագույն խաղը եւ խաղի ողջ ընթացքում ունենալով տոտալ առավելություն, ջախջախեց «Վալենսիային»` 4:0: Հյուրերը դեռ պետք է շնորհակալ լինեն իրենց դարպասապահ Լոպեսին, որի շնորհիվ այդ հաշիվը ավելի խոշոր չեղավ:

«Մալագան» վաստակեց 22 միավոր եւ այժմ 4-րդն է:  «Վալենսիան» 18 միավորով 10-րդն է եւ թերեւս շուտով նաեւ հրաժեշտ կտա իր մարզիչ Պելեգրինոյին:

Դե, իսկ ուշ գիշեր, որպես դեսերտ, կայացավ «Բետիս» — «Ռեալ» հանդիպումը: «Բետիսը» նախորդ տուրի անդալուսյան սկզբունքային դերբիում խայտառակ պարտություն կրեց իր ոխերիմ թշնամի «Սեւիլյայից»` 1:5, եւ ամեն ինչ պետք է աներ երկրպագուների զայրույթը մեղմելու համար, թեկուզ մրցակիցը «Ռեալն» էր, որը Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆի հարցերը լուծելուց հետո վերջապես կարող է կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա:

Պարզապես զարմանալ կարելի է, թե որքան անօգնական տեսք ուներ «Բետիսը» մեկ շաբաթ առաջ «Սեւիլյայի» հետ խաղում, եւ որքան գերազանց` «Ռեալի» հետ մրցավեճում: «Բետիսի» խաղացողները այնպիսի եռանդով եւ կրակոտ էին խաղում, որ պարզ էր, որ «Ռեալը» լուրջ խնդիրներ է ունենալու: Այդպես էլ եղավ: Առաջին խաղակեսում տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, եւ մինչեւ խաղի վերջ կարողացան դիմակայել «Ռեալի» անթիվ գրոհներին, որոնք սակայն, միօրինակ էին եւ հեշտ ընթերնելի: «Բետիսը» հերոսաբար հաղթեց` 1:0, եւ լիովին վերականգնեց իր հեղինակությունը երկրպագուների մոտ:

Այս պարտությունից հետո «Ռեալը» շարունակում է 26 միավորով մնալ երրորդ տեղում, սակայն եթե այսօր «Բարսելոնան» հաղթի «Լեւանտեին», ապա «արքայական» ակումբից իր միավորների տարբերությունը կավելացնի մինչեւ 11, ինչը գործնականում խաչ է քաշում «Ռեալի» չեմպիոնական ամբիցիաների վրա: Միակ հույսը մնում է Մադրիդի «Ատլետիկոն», որը ընդամենը երեք միավոր է զիջում «Բարսելոնային»:

Իսպանիայի առաջնություն. 13-րդ տուր 

«Մալագա» — «Վալենսիա»՝ 4:0

Պորտիլյո` 8, Խավիեր Սավիոլա 78, Սանտա Կրուզ` 81, Իսկո, 90+1

«Բետիս» — «Ռեալ»՝ 1:0

Բենյաթ` 17

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Ազգագրագետ. առանց արխիվային նյութի պատմություն կերտելը` սովետական դպրոցի ձեռագիրն է ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ. նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածուներ ‘