‘«Ռեալը» մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հաղթեց «Բարսելոնային»’

914

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»:
Սա, թերեւս վերջին տարիների ամենաանհետաքրքիր սուպերկլասիկոն էր: «Ռեալը» խաղում էր երկրորդ կազմով, «Բարսան» շարունակում է առանց մարզիչ մնալ եւ արդյունքում՝ որպես թիմ չգործել: Արդյունքում հանդիպումն անցավ բավական դանդաղ տեմպով եւ բավական քիչ գոլային պահերով, տեխնիկական մեծ խոտանով:
Հանդիպման հաշիվը  6-րդ րոպեին բացեց «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման: Հանդիպման 18-րդ րոպեին «կապտանռնագույնների» առաջատար Լեո Մեսսին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Սա Մեսիի 18-րդ գնդակն էր «սուպերկլասիկոներում» եւ այդ ցուցանիշով նա հավասարվեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Բացի այդ, Մեսին Իսպանիայի առաջնությունում աչքի ընկավ 16-րդ հանդիպումն անընդմեջ: Իսկ հանդիպման 82-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով «Ռեալին» հաղթանակ պարգեւեց Սերխիո Ռամոսը:

Հանդիպման վերջում կրքերը ծայրաստիճան սրվեցին, երբ մրցավարը 11 մետրանոց հարված չնշանակեց «Բարսայի» պաշտպան Ադրիանոյին «Ռեալի» տուգանային հրապարակում գցելու համար: Արդյունքում կատալոնացիները այնքան էին զայրացել մրցավարի վրա, որ հավերժ համեստ եւ հանգիստ Անդրես Ինյեստան դեղին քարտ ստացավ, իսկ խաղից հետո մրցավարին թերեւս հայհոյելու համար երկու դեղին եւ արդյունքում՝ կարմիր քարտ ստացավ Վիկտոր Վալդեսը: Ավելին, մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ Վալդեսը հանդերձարանի ճանապարհին հարվածել է մրցավարին եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Ահա այսպես…

Ռեալը» այս հաղթանակից հետո վաստակեց 55 միավոր, իսկ «Բարսելոնան» ունի 68 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 26-րդ տուր

«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 2:1

Կարիմ Բենզեմա, 6, Սերխիո Ռամոս, 82 – Լիոնել Մեսի, 18


Նախորդ հոդվածը‘Եթե Սերժ Սարգսյանը նորից հրավիրի Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա վերջինս կգնա հանդիպման’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’