‘«Ռեալը» ջախջախեց Դեպորտիվոյին (տեսանյութ)’

1267

Կառլո Անչելոտին ոչ մի խնդիր չունեցավ գալիսիացիների հետ խաղում:

«Դեպորտիվոն» իսպանական ֆուտբոլի սիրահարներին արդեն սովորեցրել էր, որ հարազատ «Ռիասորում» թիմը իսկական ճակատամարտ է մղում ցանկացած գրանդ ակումբի հետ: «Ռեալին»այս իրողությունը ամենաշատն էր հայտնի, քանի որ թիմն այստեղ միշտ կորցրել է միավորներ: Եվ միայն վերջերս, շատ տարիներ անց, մադրիդցիները կարողացան կոտրել այս անեծքը: Այդ պատմական հաղթանակը զուգորդվում էր Գուտիի՝ Բենզեմային կրնկով հետփոխանցման և վերջինիս գոլի հետ:  Մի քանի տարի հետո արդեն Ժոզե Մոուրինյոյի թիմը մեծ դժվարություններով Գալիսիայում երեք միավոր ձեռք բերեց: Սրանք ընդամենը երկու հաղթանակներ էին անցկացրած 21 արտագնա հանդիպումներում: Հիմա այս ամենն անցյալում է և ներկայիս «Դեպորտիվոն» բավական թույլ թիմ է երևում:

Խաղային մարզաշապիկի և Պրեմիերայում կրած անհաջողությունների մասին արդեն խոսել ենք, իսկ Չեմպիոնների լիգայում «Բազելի» հանդեպ տարած խոշոր հաշվով հաղթանակը միայն շատ կարճ ժամանակով խլացրեց անբավարավածության զգացումը: Այս հանդիպման ելքը պետք է ներկայացներ հենց այն «Ռեալին», որը գերազանց ֆուտբոլ է խաղում և կարողանում է շատ գեղեցիկ գոլեր խփել:

Մեկնարկային րոպեները, ինչպես և ողջ առաջին խաղակեսն անցնում էր անվանի հակառակորդի առավելությամբ: Վտանգավոր պահեր շատ չեղան, սակայն հյուրերը այս երեկո չափազանց արդյունավետ էին մրցակցի դարպասի մոտ:Առաջին սուլիչը հյուրերի համար հնչեց, երբ Բեյլը չկարողացավ շրջանցել Լյուքսին: Սակայն հյուրերը դրանով չսահմանափակվեցին: Արբելուան աջ եզրից ճշգրիտ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղից էլ Ռոնալդուն գեղեցիկ ցատկով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Հարկ է նշել որ «Ռիասորը» այն փոքրաթիվ մարզադաշտերից է, որտեղ Ռոնալդուն դեռևս գոլ չէր խփել:

Մի քանի րոպե անց Բենզեման ձախ եզրից գնդակը փոխանցեց Խամես Ռոդրիգեսին, իսկ կոլումբիացին ֆանտաստիկ հարված կատարեց և գնդակը սլացավ դարպասի իննյակ կոչվող անկյունը: Դրանից հետո, հավանաբար, հիշեցին այն հանդիպումը, երբ «Ռեալը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն արդյունքում պարտվեց: Այդ մասին հիշեցին նաև ֆուտբոլիստները, որոնք մինչև ընդմիջում գնալը խփեցին երրորդ գոլը: Իսկ հեղինակը կրկին Ռոնալդուն էր:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռամոսը ձեռքով խաղաց, որի համար մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Այն հաջողությամբ իրականացրեց Մեդունյանինը: Տանտերերը դրանից հետո մի քանի գոլային պահեր ստեղծեցին, սակայն գործն ավարտվեց միայն երկրորդ անգամ դարպասը գրավելով:Անչելոտին փոփոխություն կատարեց՝ Բենզեմային փոխարինելով Իլյարամենդիով: Այս փոփոխությունը թարմություն հաղորդեց «Ռեալի» խաղին: Հյուրերը կրկին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին, որն արտահատվեց խփած գնդակներով: Սկզբից իրեն հիշեցրեց Բեյլը, ով երկու րոպեի ընթացքում նույն ոճով երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Կատարվածը, հավանաբար, դուր չեկավ «Ռեալի» առաջատարին, և շուտով Ռոնալդուն իր հաշվին գրանցեց ոչ միայն սեփական առաջին հեթ-տրիկը այս մրցաշրջանում, այլև ողջ Պրեմիերայում:  Այնուհետև երկու գոլերի հեղինակ դարձավ Խավիեր Էռնանդեսը:

Այսպիսով, «Ռեալը» գոլային փառատոն կազմակերպեց «Ռիասորում», որտեղ հաճախ է հանդիպել տանտերերի ճնշմանը: Սակայն այսоր այլ ժամանակներ են, և «Ռեալը» թափ է հավաքում, թեև պաշտպանության գիծը դեռևս ամրացնելու կարիք ունի:

  

 

ԴԵՊՈՐՏԻՎՈՌԵԱԼ Մ.

2-8 (0-3)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 29՛, 0-2՝ Խամես Ռոդրիգես 36՛, 0-3՝ Կրիշտիանու Ռոնալդու 41՛, 1-3՝ Հարիս Մեդունյանին 51՛ (11մ), 1-4՝ Գարեթ Բեյլ 66՛, 1-5՝ Գարեթ Բեյլ 75՛, 1-6՝ Կրիշտիանու Ռոնալդու 77՛, 2-6՝ Տոչե 84՛, 2-7՝ Խավյեր Էրնանդես 87՛, 2-8՝ Խավյեր Էրնանդես 90՛

 

ԴԵՊՈՐՏԻՎՈ. 1.Խերման Լուքս, 12.Սիդնեյ, 15.Լաուրե, 16.Լուսինյո, 21.Մոդիբո Դիակիտե, 4.Ալեքս Բերխանտինյոս, 8.Հարիս Մեդունյանին, 11.Խուանֆրան (10.Խուան Դոմինգես, 46), 24.Լուիս Ֆարինա (18.Տոչե, 74), 9.Էլդեր Պոշտիգա (19.Իվան Կավալյերու, 46), 14.Իսաակ Կուենկա

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 17.Ալվարո Արբելոա, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ (14.Խավյեր Էրնանդես, 77), 19.Լուկա Մոդրիչ (23.Իսկո, 71), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (24.Ասյեր Իլյարամենդի, 59)

 

Զգուշացում՝ Սիդնեյ 65՛ (Դ), Սերխիո Ռամոս 50՛ (Ռ) ; Մրցավար՝Պեդրո Պերես Մոնտերո 

 

40

ԳՆԴԱԿԻ %

60

14 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (13)

8

ՏՈՒԳԱՆՔ

9

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» և «Համբուրգը» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’