‘«Ռեալը» օգտվեց թուրք մրցավարի սխալ որոշումից’

798

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հաղթահարելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը:

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Արքայական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ալեքս Ֆերգյուսոնի թիմի նկատմամբ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Կրիշտիանու Ռոնալդուին դիմավորեցին սուլոցներով, ինչից հետո պորտուգալացին աննկատ էր գործում առաջին խաղակեսում: Մեկնարկային 45 րոպեներին թիմերը մի քանի գոլային պահեր ունեցան, սակայն ավելի վտանգավոր էին ստացվում մանչեսթերցիների գրոհները:

Ընդմիջումից հետո՝ 48-րդ րոպեին, Անգլիայի 19-ակի չեմպիոնն առաջ անցավ հաշվի մեջ: Լուիշ Նանիի փոխանցումից հետո Դենի Ուելբեկը շեղեց գնդակի ուղղությունը, ինչի արդյունքում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դարձավ ինքնագոլի հեղինակ: «Ռեալի» խաղը չէր ստացվում առջեւի գծում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ գնդակի առավելություն էր ստացել: Թվում էր, թե Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շատ մոտ է քառորդ երզրափակիչի ուղեգրին, սակայն «Ռեալին» փրկության հասավ թուրք մրցավար Ժյունեյթ Չակիրը: 57-րդ րոպեին խաղի գլխավոր մրցավարը սխալմամբ կարմիր քարտ ցույց տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիին, իսկ 9 րոպե անց փոխարինման դուրս եկած Լուկա Մոդրիչը խփեց մադրիդցիների պատասխան գնդակը: Անցավ եւս 3 րոպե եւ «Ռեալն» արդեն առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերի երկրորդ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով աննկատ էր գործում մինչեւ այդ դրվագը: Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում եւ մանչեսթերցիները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն մարզական բախտը լքել էր Ալեքս Ֆերգյուսոնի թիմին:

«Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով եւ առաջին խաղում գրանցված 1:1 հաշվի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:1)

Սերխիո Ռամոս, 48 (ինքնագոլ) – Լուկա Մոդրիչ, 66, Կրիշտիանու Ռոնալդու, 69

Հեռացում՝ Լուիշ Նանի, 57 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Նախորդ հոդվածը‘Միասնական ցուցակում՝ բոլոր ոչ իշխանական ուժե՞րը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’