‘«Ռեալի» ճգնաժամը «Բարսելոնայի» վրա էլ է ազդում. Տեսանյութ’

781

Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրը ցույց տվեց, որ այստեղ չեմպիոնության համար որեւէ ինտրիգ այլեւս գոյություն չունի, այստեղից էլ առաջատարների ցույց տված արդյունքներն ու խաղը:

Նախ, Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվեց «Գրանադային»: Չլիներ դրանից ընդամենը 3 օր առաջ «Բարսելոնայի» հետ Արքայական գավաթում անցկացրած հանդիպումը (1:1), «Ռեալի» ցուցադրած խաղը դիտած երկրպագուն կմտածեր, թե այս թիմը միջակ, եւ առաջնությունում էլ միջին դիրքեր զբաղեցնող թիմ է, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուի եւ Մոուրինյոյի: Ակնհայտ է, որ մադրիդցիները կորցրել են Իսպանիայի առաջնությունում պայքարելու որեւէ ցանկություն եւ նրանց համար անհրաժեշտ խաղամակարդակի ֆուտբոլ ցույց տալու համար արդեն այլ մոտիվացիա է մնացել. կամ «Բարսելոնայի» հետ խաղերը, կամ Չեմպիոննների լիգան:

Միգուցե «Ռեալի» դժգույն մրցելույթներն էլ են իրենց հերթին ազդում «Բարսելոնայի» խաղի վրա, հատկապես վերջին տուրերում: Դժվարությամբ են տրվում միավորները կատալոնացիներին, չկան նախկին արագությունները, գրոհների թափը, բազմաթիվ գոլային պահերը: Իսկապես, եթե չկա մրցակցություն, ինչի՞ համար դա անեն, ում համար, երբ կարելի է խնայել ուժերը ավելի կարեւոր հանդիպումների եւ մրցաշարերի համար:

Ահա եւ տուրի կենտրոնական խաղում «Մեսթալյա» մարզադաշտում «Բարսելոնան» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Վալենսիայի» հետ: Չափազանց անշուք եւ ներքին դրամատիզմից զերծ հանդիպում, որի միակ կարեւոր իրադարձությունն այն եղավ, որ Մեսին 12-րդ հանդիպումն անընդմեջ Իսպանիայի առաջնությունում գոլի հեղինակ դարձավ, ինչը նոր ռեկորդ է: Նախկինը, հասկանալի, պատկանում էր Մեսիին եւ գրանցվել էր նախորդ տուրում: Իսպանիայի առաջնությունում, ի դեպ, Լիոնել Մեսին իր գոլերի քանակը հասցրեց 34-ի, ինչը նույնպես գերազանցում է իր իսկ ռեկորդային ցուցանիշի գրաֆիկը:

«Բարսելոնայի», այսպես ասենք, «սայթաքումից», օգտվեց Մադրիդի «Աթլետիկոն», որը տանը նվազագույն՝ 1:0  հաշվով հաղթեց «Բետիսին»:

Մադրիդցիների հաղթական գոլն խփեց բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, ով «Բետիսի» դարպասը գրավեց 61-րդ րոպեին: Այս հաղթանակը թույլ տվեց մադրիդցիներին երկու միավորով մոտենալ կատալոնյան ակումբին, միաժամանակ ավելի մեծացնելով տարբերությունը «Ռեալից»: Այժմ «Բարսելոնան» ունի 59 միավոր, Մադրիդի «Աթլետիկոն»՝ 50 միավոր, իսկ «Ռեալը»՝ 43 միավոր: Ի դեպ, մրցակցության ճգնաժամի մասին արժե եւս մեկ ուշագրավ փաստ ներկայացնել. այս տուրում «Ռեալը», «Աթլետիկոն» եւ «Բարսելոնան» միասին ընդամենը 2 գոլ են խփել:

Իսպանիայի առաջնություն. 22-րդ տուր 

«Վալենսիա» — «Բարսելոնա»՝ 1:1

Էվեր Բանեգա, 33 – Լիոնել Մեսի, 39 (11մ.)

«Աթլետիկո» — «Բետիս»՝ 1:0

Դիեգո Կոստա, 61

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ոչ-ոքի է խաղում «Վալենսիայի» հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ծերացած ու կքված Ֆիդել Կաստրոն երևացել է հանրությանը’