‘Ռեժիմի համար շատ ավելի վտանգավոր է գող վարչապետը, քան մարդասպան մարզպետը’

2816

Լրատվական և քաղաքական դաշտերում իսկապես հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել: Այս օրերին մենք ականատես եղանք միանգամից երկու մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունների: Առաջինը վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային արկածներներն էին, երկրորդը` Սյունիքի մարզպետ Լիսկայի տանը տեղի ունեցած սպանությունը: Ժամանակային տարբերությունը այս երկու իրադարձությունների միջև բավականին փոքր էր: Սյունիքի մարզպետին առնչվող լրատվությունը շատ արագ փոխարինեց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերաբերյալ բացահայտումներին և ստանալով իշխանական քարոզչակենտրոնների բացահայտ աջակցությունը` դարձավ քննարկման թիվ մեկ նորություն՝ այդպիսով գրեթե ամբողջովին ծածկելով օֆշորային բացահայտումները:

Իսկ երբ լրատվական դաշտը հեղեղելու համար իշխանությունների ընտրությունը կանգ առավ Լիսկայի վրա, ավելի ամրապնդվեց  այն համոզմունքը, որ ռեժիմի համար շատ ավելի վտանգավոր է գող վարչապետը, քան մարդասպան մարզպետը: Այս իրավիճակում միակ տրամաբանական քայլը դարձավ Տիգրան Սարգսյանի հանցագործության վերաբերյալ հրապարակումների ու հարցերի առավել հանրայնացումը:

Այսինքն՝ Լիսկայի «միջադեպին» հետևողականորեն սկսեց հակադրվել Տիգրան Սարգսյանի «միջադեպը»: Այդպիսով` Սերժ Սարգսյանի համար լավ հնարավորություն ստեղծվեց՝ բեմականացնելու «սիրուն չի» օպերացիան: Ահա թե ինչու:

Այսպիսի մի օպերացիայի ականատեսը մենք եղանք ուղիղ մեկ տարի առաջ: Սցենարն այն ժամանակ գրեթե անթերի էր, եթե չլինեին այդ սցենարից դուրս գործող մի քանի տասնյակ ակտիվիստներ, որոնք ինչ-որ պահի« բարի թագավոր» օպերացիան դարձրին անվերահսկելի և շատ վտանգավոր ռեժիմի համար: Բոլորն են հիշում, թե ինչպես էր «Նեմեց, մարդասպան» ուղղությունը վերածվում «Սերժիկ, մարդասպան»-ի կամ «Սերժիկ, հեռացիր»-ի, որը ծայրահեղ ռիսկային էր Սերժ Սարգսյանի համար: Սակայն եթե մեկ տարվա վաղեմության իրադարձությունները համեմատենք այսօր տեղի ունեցողի հետ, ապա բազմաթիվ նմանությունների հետ մեկտեղ՝ կտեսնենք մի մեծ տարբերություն: Այսօրվա «Լիսկա, սիրուն չի» օպերացիան գրեթե ապահովագրված է անհաջողություններից:

Պատճառը մեկն է. իրականում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ հրապարակումներն այնքան էլ վտանգավոր չեն իշխանությունների համար, որքան որ իշխանություններն ուզում են, որ ընդդիմությունն այն ընկալի որպես այդպիսին: Ռեժիմն ուզում է, որ օֆշորային բացահայտումները դիտարկվեն  որպես վտանգավոր: Նա լավ է ուսումնասիրել դաշտը և շատ լավ գիտի, որ ընդդիմությունը հարվածում է ցավոտ տեղերին: Եվ այդ պատճառով դաշտ է գցվել, պայմանականորեն ասված՝ «ֆեյք ցավոտ տեղ», ինչի միակ նպատակը ռեժիմի համար իրական ամենացավոտ տեղից` գլխից, այսինքն` Սերժ Սարգսյանից հարվածները շեղելն է:

Դատեք ինքներդ` եթե 2012-ին «Նեմեց, մարդասպան»-ը վերաճեց «Սերժիկ, մարդասպան»-ի, արդեն 2013-ին «Լիսկա, մարդասպան»-ը վերաճում է ընդամենը «Տիգրան, ավազակ»-ի: Այսինքն` ռեժիմը հղկում է իր թատերական ներկայացումներ բեմականացնելու արվեստը: Սակայն նմանատիպ բլեֆի բացահայտումը այդքան էլ բարդ գործ չէ: Հարկավոր է ուղղակի մի քիչ զգոնություն և սառը դատողություն:

Իսկ այժմ անհրաժեշտ է դուրս գալ Լիսկա-Տիգրան փակ շրջանակից, չտրվել սադրանքներին և բոլոր հարվածները կենտրոնացնել` ուղղելով դրանք դեպի գլխավոր թիրախը` առաջատար հանցագործ Սերժ Սարգսյանը:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Իշխանությունները ներողություն են խնդրում, սակայն ջրցան մեքենաները չեն լռում’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիայի» խաղացողը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’