‘Ռեժիմի հունվարը, կամ՝ թող մեռելները թաղեն իրենց մեռելներին’

1915

 «Եւ թույլ տուր, որ

 մեռելները թաղեն իրենց մեռելներին»:

                                                                       Ղուկասի Ավետարան 9:60

Ուղղակի ապշել կարելի է, թե քաղաքական-վերլուծական շրջանակներում որքան ջանք է ներդրվում՝ կամ պարզագույն իրողությունները չարձանագրելու, կամ դրանք նենգափոխելու եւ կամ նույնիսկ հանրությանն անօրինակ մանիպուլյացիաների ենթարկելու համար…

Էլ ո՞նց կլիներ. ոմանց հաշվարկը՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը ժամանակի ընթացքում ինքն իրեն մաշելով կսպառի, ոչ մի գնով իրողություն չի դառնում: Հակառակը՝ մաշվում, վարկաբեկվում եւ ասպարեզից վերանում են նրա՛նք, ովքեր իրենց քաղաքական, մերձքաղաքական կամ նույնիսկ լրագրողական-փորձագիտական կարիերան ու դերակատարումը հենց այդ հաշվարկի վրա էին կառուցել:

Արդյունքում, հատկապես չորս խորհրդարանական ուժերի առաջիկա հանրահավաքի ֆոնին, ինչպես է պետք գործել՝ ակնհայտ է:

Օրինակ՝ հիշեցնել, թե ժամանակին քանի անդամ ունենալու մասին էր խոսում Գագիկ Ծառուկյանը, որպեսզի հանրահավաքի հաջորդ իսկ օրը լավաշներ գրեն 400.000-ի՝ Հրապարակում չլինելու վերաբերյալ: Քննարկեն՝ Գերմանիա դեսպան գործուղած ՀՅԴ ղեկավար կազմը կկանգնի՞ Տեր-Պետրոսյանի ուղիղ կողքին, թե ոչ, եւ եթե այո՝ քանի՞ համակիր կհետեւի նրան: Կամ՝ Ժառանգությունը գոնե այս անգամ կզսպի՞ զորավարի հետ աղոթելու իր տենչը, թե՞ ոչ, կբարեւի՞ Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ մշտական բարեւի մեկնած նրա ձեռքը կթողնի օդում:

Կատարյալ կրկես, մի խոսքով: Երկրի առաջ ծառացած իրական օրակարգից անժելասարգսյանական եղանակով խուսանավելու եւ հանրությանը հիմարացնելու ծանոթ-չարչրկված  հնարք… 

Իսկ եթե սրան էլ գումարենք «արեւմտամետի ջղաձգումները», դրամայից կատակերգություն վերուվար անող Տիգրան Սարգսյանի եւ մարտի 1-ի արյունը պարտակած ամենաերիտասարդ թոշակառուի «մենամարտը», որում, լրագրողից մինչեւ քաղաքական գործիչ, փորձում են Հայ ազգային կոնգրեսին էլ սադրելով ներքաշել, ընդ որում՝ մենախոսելու ընթացքում հեռուն գնացող եզրակացություններ բստրելով, խեղկատակության պատկերը համարյա թե կամբողջանա: 

Իսկ իրականությունը հետեւյալն է. 1998 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, խախտվել է սահմանադրական կարգը, եւ պետականաշինության ընթացքը վերածվել է կազմակերպված ավազակապետության հիմնման տքնաջան աշխատանքի:

Արդյունքում՝ ստեղծվեց հակազգային եւ հակապետական մի ռեժիմ, որը կազմաքանդելու մտադրությամբ էլ ասպարեզ եկավ Կոնգրեսը: Հիմա թե ինչքանով հաջողեց, որտեղ թերացավ, ինչ հաջողություններ գրանցեց՝ այս նյութի արծարծման խնդիրը չէ:

Բայց կարեւոր է ամրագրել, որ Հայ ազգային կոնգրեսը, որքան էլ ոմանք ջանան նրան այլ գործառույթներ վերագրել, հաստա՛տ հին ու նոր մեռելներ քարշ տալու պարտավորություն ինքն իրեն չի՛ վերագրել: Եւ, ինչպես հասկանում եմ, արդարացիորեն չի էլ պատրաստվում միջամտել-խանգարել նախկին թունդ ընդդիմադիր Արտաշես Մամիկոնովիչի դիտարկած «մտերիմ զինակիցների քնքուշ շփումները»:

Թող բացահայտվեն, ինքնաբացահայտվեն, կոմպրոմատներ ջրի երես հանեն, միմյանց տհաս ու հերոս հորջորջեն: Որքան շատ՝ այնքան լավ: Աչք ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը՝ լսում:

Կոնգրեսն, այսպիսով, բոլորովին ա՛յլ օրակարգ ունի:

Այն է՝ նույնանալ աղքատության, անիրավության մեջ թաթախված հանրության, դեկտեմբեր ամսվա գազի եւ էլեկտրաէներգիայի վարձերից կաթվածահար եղող մարդկանց՝ իրոք որ ազատագրական տրամադրություններին, զգալ-շոշափել նրանց ներքին լարման աստիճանը, մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերին ու անձանց եւ, նույն այդ հանրության հետ միասին, ասպարեզից մեկընդմիշտ սրբել ողջ կեղտը:

Կամ գոնե՝ դրա կարեւոր հատվածը, որովհետեւ ձախողվածներն այնպիսի լենկթեմուրյան ավերածություններ են գործել այս երկրում, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու Գլավլիտի եւ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մատուցված Հայաստանը խելքի բերելու համար:

Այնպես որ՝ պատրաստվենք տքնաջան աշխատանքի:

Եւ թող մեռելները թաղեն իրենց մեռելներին…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է 2013-ի բյուջեի 11 ամսվա կատարողականը. Եկամուտներն ու ծախսերը ավելացել են ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’