Ռետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան․ Արցախի խնդրի ավելի լավ լուծում, քան սեղանին դրվածն է, այսուհետև չի լինելու

8562

Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու և հուսալքելու մեր հասարակությանը։

* * *

1. Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երևույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետևյալ հակիրճ քաղաքական ձևակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»։

Պահն է, թերևս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, և ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի և քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը և հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։

Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով և այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։

Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու և կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։

* * *

2. Լուրջ մտահոգության առարկա է նաև խաղաղության և պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում և հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների և ղարաբաղցիների միջև բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։

Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաև Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձևավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել և տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլև իրենք՝ ղարաբաղցիները։

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, և այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաև, որ հայկական պետականության երկու միավորների միջև լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են և սովորաբար լուծվել են Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության և փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է։

* * *

3. Եվ վերջապես, երրորդ մտահոգիչ հանգամանքը 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է, որն արտահայտվում է խաղաղության կողմնակիցներին և մասնավորապես ինձ ուղղված հետևյալ հարցադրման մեջ. «Եթե այսօր մենք անիմաստ ենք համարում սահմանային ընդհարումներում տված զոհերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել նշված թվականներին ունեցած մարդկային կորուստների մասին»։ Սա ցույց է տալիս, որ նման հարցադրում կատարողները տարրական պատկերացում անգամ չունեն Ղարաբաղյան պատերազմի և զինադադարից հետո տեղի ունեցող սահմանային բախումների էական տարբերության մասին։

Ղարաբաղյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու՝ ղարաբաղցիների սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանել էր բացարձակ բռնությամբ, որի շարունակական դրվագներն էին՝ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) և Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերը, ինչպես նաև «Կոլցո» գործողությունը (1991թ. մայիս-հունիս), որի ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 հայկական գյուղերի ողջ բնակչությունը։ Ուստի հայկական կողմին այլ բան չէր մնում, քան դիմել զենքի և, անվտանգության հուսալի գոտի ստեղծելով, կանխել Ղարաբաղի բնակչության բնաջնջումը կամ բռնի տեղահանումը։

Դա անշուշտ տեղի ունեցավ հազարավոր զոհերի արյան գնով, բայց դատելով պարտադրված լինելու հանգամանքից ու ձեռքբերված արդյունքից, դրանք միանգամայն իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը։ Բացի Ստեփանակերտին օրուգիշեր հրթիռակոծություններով սպառնացող Շուշիի ազատագրումից և Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման նպատակով ձեռնարկված Լաչինի միջանցքի վերահսկողության անհրաժեշտությունից, Ղարաբաղը տարածքային ընդարձակման որևէ այլ մտադրություն չուներ։ Եթե Ադրբեջանը դրանից հետո, իր ագրեսիվ գործողությունները շարունակելու փոխարեն, փորձեր բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցում որևէ փոխզիջումային լուծում գտնել, ապա տարածքային նոր կորուստներ չէր ունենա, ինչի համար պետք է մեղադրի ոչ թե հայկական կողմին, այլ միայնումիայն իրեն՝ մի բան, որ տարիներ շարունակ չի դադարում պնդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջազգային փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։

Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որևէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետև արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր։

Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեև կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը և ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է և մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ։

10 ապրիլի, 2017թ

Նախորդ հոդվածըԼապորտա․ Երբեք չէինք դիտարկի 50 միլիոն եվրո աշխատավարձ ակնկալող ֆուտբոլիստի
Հաջորդ հոդվածը«Հոֆենհայմը» հեռացրեց գլխավոր մարզիչին