Ռետրո. Ժիրայր Լիպարիտյան. Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ եւս դեպի հետ. «Առավոտ»

1381

Մտավորականների ուղերձի հետ կապված բանավեճի առիթով, վերահրապարակում ենք Ժիրայր Լիպարիտյանի «Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ եւս դեպի հետ» հոդվածը՝ հրապարակված 2020թ. սեպտեմբերի 1-ին, aravot.am կայքում:

iLur.am

Կային մարդիկ, որոնք ասում էին, թե առաջնահերթություն պետք է տալ Ղարաբաղի հարցի լուծմանը՝ առանց ձգձգումների եւ փոխադարձ զիջումների հիման վրա: Ասում էին, թե առանց այդ հարցի լուծման մնացյալ հարցերը լուծելն անկարելի է, որ այդ հարցի լուծման երկարաձգումը կվտանգի մեր անկախությունը, այսինքն՝ մեր հարցերը ըստ մեր շահերի լուծման կարելիությունը։

Կային նաեւ մարդիկ, որոնք պնդում էին, թե Ղարաբաղի հարցի լուծումն անհրաժեշտ չէ,  թե կարող ենք այսպես երկար շարունակել, թե ժամանակը կօգտագործենք ուժեղ պետություն ստեղծելու եւ մեր առավելագույն պահանջները ստանալու համար, թե ժամանակ ունենք նախ մյուս հարցերը կարգավորելու:

Կային նույնիսկ մարդիկ, որոնք պնդում էին, թե հարցն արդեն լուծված է։

Կային մարդիկ, որոնք  նշում էին, թե պատերազմներն անկանխատեսելի են, թե մեր զինվորների քաջությունն ու մեր բանակի հայրենասիրությունը բավական չեն հաղթանակ ապահովելու համար, նշում էին, թե «մշտական պատերազմը» որպես ընդունելի ապագա որդեգրելը վտանգավոր է։

Կային նաեւ մարդիկ, որոնց համար նման խնդիր չէր դրվել նույնիսկ, մարդիկ, որոնք ուրախացան, որ հուլիսին հետ մղեցինք թշնամուն, եւ մտածեցին, թե միշտ էլ այդպես պիտի լինի: Եվ վերջ։

Վերջին անգամ մի շաբաթ առաջ էր, երբ Հայաստանի թավշյա հեղափոխության գնահատությանը նվիրված մի վեբինարի ավարտին պնդեցի, որ առանց  Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարությունն ու օրենքի երկիր ստեղծելու մեր բոլոր փորձերը։

Իսկ ու՞ր ենք այսօր, 2020 թ.-ի օգոստոսի վերջին։

Իմ կարծիքով, Ղարաբաղի հարցի լուծման մեջ մեր ներդրումը մեկ աստիճան, մի կարեւոր աստիճան եւս նվազեց վերջին զարգացումների պատճառով։

Ի՞նչ տեղի ունեցավ, որն արդարացնում է նման հայտարարությունը։

Մի քանի բան.

ա. Ադրբեջանը չհաջողեց ռազմադաշտում  հաջողություն ձեռք գցել, սակայն այդ պարտությունը վերածեց ամենամեծ դիվանագիտական հաջողության՝ Թուրքիային վերջնականապես համոզելով, որ դա նաեւ Թուրքիայի պարտությունն է, որպեսզի Թուրքիային լիովին ներգրավի խնդրի մեջ։

բ. Մի շաբաթ առաջ Հայաստանը Սեւրի դաշնագիրը դարձրեց պետության արտաքին քաղաքականության մեկ կարեւոր մասը. Թուրքիայի ընկալմամբ՝ ամենակարեւոր մասը։ Չգիտեմ՝ մեր ղեկավարները դա գիտակցաբար արեցին, թե ոչ. այդ իմաստով նախագահի եւ վարչապետի հայտարարությունները՝ Թուրքիայի դեմ, առնվազն համարժեք են որեւէ դիվանագիտական պատերազմի հռչակագրի։ Այն էլ՝ այսօրվա Էրդողանի նման վտանգավոր ղեկավար ունեցող Թուրքիայի դեմ։ Սեւրի դաշնագրի՝ որպես պետական քաղաքականություն որդեգրմամբ, Հայաստանը հողերի պահանջը դարձրեց օրակարգի հարց։ Սա թերեւս վերջին քայլն էր, որ արել ենք վերջերս, որը նաեւ Ղարաբաղի հարցին տալիս է տարածքային ընդլայնման հիմնավորում՝ մի կողմ նետելով Ղարաբաղի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես հիմք մեր մոտեցման։

գ. Դրան հաջորդեց Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե՝ Թուրքիան ինքն իրեն տեսնում է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կողմ։ Այսինքն, (ա) այժմ արդեն պաշտոնապես այդ խնդրի երկու կողմերն են Հայաստանը եւ Արցախը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, (բ) Թուրքիան հռչակում է, որ պատրաստ է ավելի լայն օժանդակություն ցուցաբերելու Ադրբեջանին, թեեւ հստակ չէ, թե ինչ ձեւ պիտի ստանա օժանդակության այդ ընդլայնումը։

Եվ սա միայն սկիզբն է։

Ի՞նչ պիտի անեն Հայաստանն ու Արցախը այս կարելիության դեմ։ Մարդիկ, նույնիսկ արդեն պետության ղեկավարներ կարող են աղաղակել, որ սա ցույց է տալիս, թե որքան վատն է Թուրքիան, ու որքան վատն են թուրքերը։ Սակայն այդ բոլորը ստեղծված նոր իրականությունը չեն փոխելու։ Բացի այդ, նույն այդ մարդիկ  մոռանում են, որ իրե՛նք էին, որ գոռում էին, թե Թուրքիան հակամարտության կողմ է եւ պետք է դուրս գա Մինսկի խմբից, որովհետեւ Թուրքիան անվերապահ աջակցում է Ադրբեջանին։ Համենայնդեպս, ինչ էլ գոռանք, ինչ ածականներ էլ գործածենք Թուրքիայի, Էրդողանի եւ ընդհանրապես թուրքերի հասցեին, փաստը մնում է փաստ, որ հիմա ստիպված ենք պատկերացնել, բացի Ադրբեջանից, Թուրքիայի հետ դեմ հանդիման լինելու կարելիությունը։

Անշուշտ, կարելի է առարկել, թե Թուրքիան պարզապես  սպառնում է, բայց չի համարձակվի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկել, որովհետեւ կա Ռուսաստանի հետ համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագիրը։ Սակայն այդ մարդիկ մոռանում են, որ այդ պայմանագիրը, կամ նման տեսակի որեւէ պայմանագիր համանման պարագաների դեպքում սկզբում նախատեսում է խորհրդակցություններ։ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ որեւէ հարձակման պարագայում Ռուսաստանն ինքնաբերաբար չի մտնելու Թուրքիայի դեմ պատերազմի մեջ։

Շատ հավանական է, որ այս ընթացքում, Թուրքիայի ներկայացրած վտանգը փարատելու համար, մի  հարմար առիթով Ռուսաստանը հայկական կողմից պահանջի զիջումներ, որպիսիք Մոսկվան Երեւանից ակնկալում է երկար ժամանակ ի վեր։ Հարց է, թե (ա) այդ զիջումները ի՞նչ չափով պիտի համապատասխանեն մեր՝ նույնիսկ նվազագույն շահերին։ Գիտենք, որ դրանք ոչ մի կապ չպիտի ունենան մեր առավելապաշտ պահանջների հետ, եւ (բ) արդյոք Մոսկվայի այդ պահանջներին կարո՞ղ է դիմադրել Հայաստանը։

Ճիշտ է, որ Հայաստանի սահմանների պաշտպանությունը բխում է  նաեւ Ռուսաստանի շահերից։ Սա չի նշանակում սակայն, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, դրա դիմաց պահանջներ չդնի, ինչպես արել է ի սկզբանե։

Մոռացել ենք արդեն, թե ինչպես կորցրինք Առաջին Հանրապետությունը։  Կար ռուս-թուրքական գործակցությունը։ Կար նաեւ Սեւրի դաշնագրի հետապնդման հարցը։ Այն ժամանակ նույնպես փոխանակ ապահովելու այն, ինչ կարելի էր, սեւեռվեցինք երազայինի վրա ու կորցրինք հնարավորի մեկ մասն էլ։ Ավելին. կորցրինք անկախությունը։

Այլ խոսքով՝ այդ բոլորը կանխատեսելի եւ կանխատեսված էին։

Կարո՞ղ է պատահել, որ նման կարելիության մասին չէին մտածել այն մարդիկ, որոնք ավելի քան երկու տասնամյակ է արդեն ոչ մի պատճառ չեն տեսնում լուծումը արագացնելու եւ զիջումների պատրաստ լինելու։ Եթե չեն մտածել, ուրեմն այս խնդրին իսկապես ծանոթ չեն կամ լրջորեն չեն վերաբերվել առկա եւ հնարավոր բոլոր գործոններին։ Իսկ եթե մտածել են լրջորեն ու տակավին համապատասխան քաղաքականություն չեն մշակել, շատ ավելի վատ ամբաստանության են ենթակա։ Առայժմ այդ կապակցությամբ մանրամասնությունների մեջ չպիտի մտնեմ։

Միայն ավելացնեմ, որ մինչեւ այսօր բանակցությունների ձախողման պատասխանատվությունը Ադրբեջանին ու Թուրքիային վերագրելը ուրացումն է մեր կողմից գործված սխալների, որոնց այժմ ավելացրինք Սեւրի դաշնագրի որդեգրումը՝ որպես հիմք մեր հարեւանների հետ հարաբերությունների։ Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կարգավորելու համար մենք ամեն ինչ չէ, որ արել ենք։ Մեզանում զարգացող ու արդեն պետական կնիք ստացած «հայդատականությունն» ու պահանջատիրությունը, կարծեք, երաշխավորում են, որ այդ սխալների շարքը պիտի երկարացնենք ու լրջորեն չմտածենք, թե իսկապես ի՞նչ է պետք ասել ու անել եւ ինչ չպետք է ասել ու անել մեր ժողովուրդն ու պետականությունը պահելու համար։

Ինչպես նախկին գրությունների պարագայում, այս անգամ էլ հուսով եմ, որ սխալվում եմ։ Սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում եմ, որ այս սցենարը, որի մասին մի քանի անգամ գրել եւ խոսել եմ անցյալ տասնամյակների ընթացքում, արդեն ավելի հստակ ուրվագծվում է  այսօր։

Ժիրայր Լիպարիտյան

Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ

31 օգոստոսի, 2020

aravot.am

Նախորդ հոդվածըԻսկ ո՞վ պետք է մտածի Հայրենիքի մասին. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԲըլթ-3. «ՉԻ»