‘Ռետրո Մամուլ. «Առաջնայինը ազգային պետականության գաղափարախոսությունն է» ‘

1588

Վանո Սիրադեղյանի ելույթը ՀՀՇ 3-րդ համագումարում
Քաղաքական իրավիճակի վերլուծություն
— Ո՞րն է մեր ժողովրդի, խորհրդային կոչված ժողովուրդների, աշխարհի ժողովուրդների համար անցած ճակատագրական երեք օրերի դասը (խոսքը ԳԿՉՊ-ի օգոստոսյան հայտնի հեղաշրջման փորձի մասին է,- խմբ.):
Առաջին դաս՝ հարկավոր չէ հույս դնել ոչ միջազգային հանրային կարծիքի, ոչ միջազգային կազմակերպությունների, ոչ պետությունների վրա. ժողովուրդը ինքն է ստեղծում իր ազատությունը: Երկրորդ դասն այն է, որ ամեն մի երկրի քաղաքական շահը միշտ գերադասվում է այլ ժողովուրդների ազատությունից, կյանքից: Այդ՝ Արեւմուտքի քաղաքական շահն էր թելադրում աչք փակել կայսրության ժողովուրդների ազատասիրական, ժողովրդավարական շարժումների դեմ եւ պատմության այս հատվածում բավարարվել սոցիալիստական ճամբար կոչվածի քայքայումով եւ քաղաքակիրթ աշխարհի քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային կառույցների մեջ քաշելով Արեւելյան Եվրոպայի երկրները: Պատմության այս հատվածում Արեւմուտքը ԽՍՀՄ-ը տեսնում էր ամբողջական, բայց քաղաքական, տնտեսական ռեֆորմների ճանապարհին: Կարծես թե սառը, կշռադատված հաշվարկ էր՝ վերցնել այն, ինչ ընկնում է սայլից: Կայսրության հանդարտ փլուզման կողմնակից էին թե դրսում, թե ներսում՝ հանրապետությունները: Այն տարբերությամբ, որ Արեւմուտքը այդ ընթացքի երաշխիք էր տեսնում կենտրոնը, իսկ հանրապետությունները գերադասում էին ապակենտրոնացնել փափուկ ճանապարհը, քաջ գիտակցելով ուժեղ կենտրոնի պայթյունավտանգ բնույթը… Հաջորդ դասը, որ կքաղեն ապաքաղաքական զանգվածները, այն է, որ քաղաքական բանավեճերի, առճակատման մեջ ձախերին աջերի հետ հավասար նժարներին չպետք է դնել, որքան էլ տեւի առճակատումը, որքան էլ հոգնեցնի քաղաքական բանավեճը: Այս երեք օրերը եւս մեկ ավելորդ անգամ ցույց տվեցին, որ ձախերը պայքարում են բոլոր ժամանակներում, եւ բոլոր մայրցամաքներում:
Այնուհետեւ Վ. Սիրադեղյանը նշեց, որ ստեղծված բարդ իրավիճակում, երբ դեպքերը կարող են զարգանալ գլխակորույս արագությամբ, վճռական քայլերի կատարման համար Հայաստանում պետք է նախապատրաստված լինել թե քաղաքականապես, թե տնտեսապես, թե սոցիալապես ու թե բարոյապես: Զեկուցողը ցավով նշեց այս ոլորտներում առկա դժվարություններն ու բացթողումները, քննադատաբար վերլուծեց Գերագույն խորհրդի մարմինների, Նախարարների խորհրդի, գերատեսչությունների, տեղական իշխանությունների, պետական կառավարման մարմինների գործելակերպը:
— Այսօր արդեն պարզ է դարձել, որ Գերագույն խորհուրդը գործադիր մարմինների գործունեությունը վերահսկելու իր լիազորությունները իրագործել չի կարողանում ոչ միայն գործադիր մարմինների դիմադրության, այլեւ համապատասխան լծակների բացակայության պատճառով: Իշխանության գերագույն մարմնի օրենսդիր գործունեությունը կիսով չափ ամուլ է, որովհետեւ ընդունված օրենքները կիրառվում են վերապահումներով: Նախարարների խորհուրդը, պահպանելով նախկինում վարկաբեկված կառույցները, ձախողման է դատապարտել տնտեսության, սոցիալական, մշակույթի եւ կրթության բնագավառի անհրաժեշտ բարեփոխումները: Նախկին կառույցներում ձեւավորված կլանների ներքին շուկայում իրենց ձեռքն են վերցնում ոլորտներ, որոնց տնօրինումը այս ուժերի կողմից ոչ միայն կասեցնում է ազատ ձեռներեցությունը, այլեւ պետական եւ կիսապետական մենաշնորհի միջոցով խթանում գների աճը: Տեղական ընտրովի իշխանություններրի լիազորությունների խիստ սահմանափակ լինելու պատճառով եւ տեղական գործադիր իշխանությունների կրկնակի ենթակայության հեղհեղուկ պայմաններում հանրապետությունում մոլեգնում է գերատեսչությունների կամայականությունը: Ակնառու բացթողումներ կան կադրային քաղաքականության բնագավառում: Փաստորեն, Հռչակագրի ընդունումից հետո, անցած մեկ տարում, էական նվաճումներից առանձնացվում է միայն հողի սեփականաշնորհման գործընթացը, իսկ այլ ոլորտներում առկա զգալի թերությունները իրավամբ առաջ են բերել ժողովրդի դժգոհությունն ու հուսահատությունը:
Անդրադառնալով հայ իրականության մեջ առկա քաղաքական մտքին, Վ. Սիրադեղյանը առանձնացրեց երկու ուղղություն՝ ազգային պետականության ստեղծում առաջիկա տարիներին եւ երկրորդ՝ հողային պահանջատիրության քարոզում՝ անժամկետ: Այս երկու ուղղությունների միաժամանակյա դրսեւորումը հակասում են միմյանց, քանի որ պատմությանը հայտնի չէ մի օրինակ, երբ պետություն ստեղծող կամ պետությունը վերականգնող ժողովուրդը պետական մակարդակով պահանջներ ներկայացնի իր հարեւաններին, թեկուզ կորցրած հողերի նկատմամբ:
Զեկուցողը որպես հույժ վտանգավոր ու այսօրվա ու առաջիկա տասնամյակների ամենակորստաբեր քաղաքականություն որակեց հողային պահանջատիրության տարածումը Անդրկովկասի վրա, ինչը սկսել է անել Հայ հեղափոխական դաշնակցությունը:
— Հասկանալի է, որ Հայ դատի գաղափարը սփյուռքի հային փրկում է ուծացումից, միմյանց է կապում սերունդներին, պահպանում է մշակույթը, պահում է Հայրենիքի հիշատակը, բայց Արեւելքի ու Արեւմուտքի ոտքի տակ ընկած Հայաստանը այդ քաղաքականության ասպարեզ դարձնելը ստույգ կործանում է բոլորիս համար,- եզրափակելով խոսքը, ասաց Վ. Սիրադեղյանը:
— Եվ ուրեմն կա ազգային քաղաքականության երկու ըմբռնում եւ ուրեմն՝ երկու ըմբռնումը կրողներ:
Ազգային պետականության գաղափարախոսության կրողներ՝ ՀՀՇ-ն, Ռամկավար-ազատական կուսակցությունը, ԱԻՄ-ը, մյուսները, եւ հակառակ գաղափարախոսության կրողներ՝ դաշնակցությունը, կոմունիստները, դրսի կոմունիստները (համայնավարները) եւ մյուսները: Կա՞ միջին ճանապարհ, որի շուրջ կմիավորվի երկու կողմը: Չկա՛ միջին ճանապարհ եւ ուրեմն փուչ է ազգային միացյալ, համապարփակ, երկու գաղափարները համատեղող մի բան ստեղծելու հույսն ու ջանքը: Կա, իհարկե, մի բան, որ քաղաքականությունից դուրս է՝ միացյալ, ազատ, անկախ Հայաստանի գաղափարը: Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է:
Եվ եթե, այնուամենայնիվ, տարածքային պահանջատիրությունը ընդունենք ազգի գերխնդիր, ապա դարձյալ պետք է սկսել պետություն ստեղծելուց: Անկախ, ուժե՛ղ պետություն՝ որովհետեւ ռուսական զենքի կամ որեւէ այլ զենքի վրա հիմնված պահանջատիրությունը դատապարտված է ամլության: Եվ Արցախի հարցի լուծումը դարձյալ կապված է ուժեղ պետություն ստեղծելու հետ: Հետեւաբար, ազգային գաղափարախոսություններից առաջինը, ազգային պետականության գաղափարախոսությունն է: Որը իրագործվում է:

«Հայաստանի Հանրապետություն», 27.08.1991

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը օգնություն է ուղարկել Սիրիայի հայ համայնքին’
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «Բարսելոնա» տեղափոխվելու հարցերով դիմեք գործակալներիս’