‘Ռետրո մամուլ. Արամ Սիմոնյանը խորհրդային շրջանի շուրջ 15 հեղինակների գրքերից հատվածներ է կցել-կցմցել ու կազմել մի աշխատություն’

1576

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 27-28-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվելու են թղթակից անդամների եւ ակադեմիկոսների ընտրություններ, ու կրքերն այստեղ գնալով շիկանում են: Ըստ որոշ տեղեկությունների` բանը նույնիսկ հասել է նրան, որ մի շարք թեկնածուներ սկսել են կաշառք բաժանել:

ԳԱ ակադեմիայի գալիք ընտրությունները նաեւ ստիպում են խոշորացույցով ուսումնասիրել թեկնածուների առավելություններն ու թերությունները, երբեմն նույնիսկ մեղադրանքներ ներկայացնել նրանց: Եւ ահա Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, որը ԳԱԱ թղթակից անդամ է եւ մտադիր է դառնալ ակադեմիկոս` պատմություն մասնագիտության գծով, որոշ պատմաբաններ մեղադրում են այլոց աշխատանքները վերաշարադրելու` պարզ կոմպիլյացիայի մեջ: Պնդում են, որ Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը 1920-1921 թթ.» աշխատությունը, որով նա ուզում է ակադեմիկոս դառնալ, կրկնում է խորհրդային շրջանի շուրջ մեկուկես տասնյակ հեղինակների գրքերը, որ նա դրանցից հատվածներ է կցել-կցմցել ու կազմել մի աշխատություն, որտեղ չկա ոչ մի նոր խոսք:

Այսինքն, Արամ Սիմոնյանը վերցրել է խորհրդահայ պատմաբանների` Սուրեն Սողոմոնյանի, Արշակ Վարդապետյանի, Արամայիս Մնացականյանի, Գեւորգ Ղարիբջանյանի, Անդրանիկ Գեւորգյանի, Արշավիր Հակոբյանի, Արմենակ Լալայանի, Բաբկեն Խուդավերդյանի եւ էլի շուրջ 1 տասնյակ ուսումնասիրողների եւ հուշագիրների գրքերի ու դիսերտացիաների կոնկրետ նյութը, շրջել այն` բոլշեւիկյան հայեցակարգը վերածելով նժդեհականի։ Սիմոնյանին մեղադրողները գտնում են, որ Զանգեզուրի 1920-1921թթ. կռիվների պատմությունը` ընդհուպ մինչեւ վերջին գյուղում կրակված վերջին փամփուշտի հաշվառումը, գրված է եղել մինչեւ Սիմոնյանի աշխատության հրապարակումը: Անդրադառնալով այս մեղադրանքին` ակադեմիկոսի թեկնածու ԵՊՀ ռեկտորը մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ համար զարմանալի է, որովհետեւ ժամանակին այդ աշխատությունը շատ բարձր գնահատվել է, եւ դա իմ դոկտորական դիսերտացիան է: Ես զարմանում եմ, որ այդպիսի բան են ասում: Այդ մարդիկ, ուրեմն, ընդհանրապես տեղյակ չեն Զանգեզուրի գոյամարտի պատմությունից»: Սիմոնյանը նշեց, որ ինքն իր դոկտորական դիսերտացիան պաշտպանել է 10 տարի առաջ:

ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունների ընթացակարգը սահմանում է, որ ակադեմիկոս կարող են ընտրվել այն գիտնականները, որոնք «գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած գիտական աշխատանքներով»: Հաշվի առնելով սա` Արամ Սիմոնյանի ընդդիմախոսները հայտարարում են, որ նրա աշխատության թեման շատ նեղ է ու միջազգային հետաքրքրություն չներկայացնող: Դրան ի պատասխան էլ ռեկտորը նախ նկատեց, որ ինքը միայն այդ թեմայով չէ, որ գիրք է գրել: «Ես օրինակ, մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ պատմական հետազոտությունների անցկացման խնդրում առաջնեկներից մեկն եմ: Եւ ասել, թե դրանք միջազգային նշանակություն չունեն, ճիշտ չի լինի, որովհետեւ, օրինակ Զանգեզուրի գոյամարտը միջազգային շատ մեծ նշանակություն ուներ, որովհետեւ այն փաստորեն նախանշեց կամ գծեց այն սահմանները, որոնք գոյություն ունեն այսօր եւ ԽՍՀՄ հարավային սահմանները: Բացի դրանից, դա ռուս-թուրքական (Խորհրդային Ռուսաստանի մասին է խոսքը), ռուս-պարսկական, ռուս-անգլիական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում եւ Անդրկովկասյան երկրների միջեւ եղած հարաբերություններում շատ մեծ, միջազգային նշանակություն է ունեցել: Միջազգային դիվանագիտության եւ արտաքին հարաբերությունների խնդրում` եւս: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչ են ասում մարդիկ, որոնք նման մեղադրանք են ներկայացնում: Ինձ համար անհասկանալի է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Իսկ ինչ վերաբերում է գրքի վերջում օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկին, ինչը տրվում է ցանկացած գիտական աշխատության դեպքում, եւ ինչի բացակայության մեջ եւս մեղադրում են Արամ Սիմոնյանին` վստահ լինելով, թե այդ ցանկի առկայության դեպքում կպարզվեր, որ դրանում նույն աղբյուրներն են, որոնցից վերը նշված մյուս հեղինակներն են օգտվել, ապա ռեկտորն այդ մասին հայտարարեց. «Գիրքը երկու սերիայով է հրատարակվել: Մի սերիայի փոքր հատվածում դա չկա, երեւի այդպիսի օրինակ է ձեզ բաժին ընկել: Մնացածում կա, եւ հետո` կարող է իսկի չլինել էլ: Այդ գիրքը տողատակերում այնքան հարուստ է աղբյուրներով, որ նրանք, ովքեր դրա մասին խոսում եմ, ամենապակասը գործից անտեղյակ մարդիկ են, որովհետեւ այնտեղ չափազանց հարուստ աղբյուրագիտական բազա կա: Եթե կասկածում են, կարող են գնալ, արխիվում բացել այդ ֆոնդերը, մեկ առ մեկ նայել: Դրանք բոլորը կան մեր արխիվում, ազատ են բոլոր ուսումնասիրողների համար: Այնտեղ գործեր կան, որոնք ընդհանրապես առաջին անգամ են օգտագործվել: Ի՞նչի մասին է խոսքը: Օրինակ` Ղալաջողի բանակցությունները… Եթե ուզում են ստուգել` ես այդ աղբյուրները նայել եմ, թե չէ, թող գնան արխիվ, բացեն այդ գործերը: Դրանց առջեւ իմ ազգանունը ես գրել եմ ու ստորագրել եմ ամսաթվերով մեկ առ մեկ` 10 տարվա ընթացքում: Այնպես որ, հենց այնպես քամու հոսանքին խոսելով չէ»,- առաջարկեց Արամ Սիմոնյանը:

Հ.Գ. Նշենք, որ Արամ Սիմոնյանի ընդդիմախոսներն այս ընթացքում հիշել են ժամանակին մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, որ նա ԳԱԱ թղթակից անդամ է ընտրվել խախտումներով. անհրաժեշտ թվով ձայներ ապահովելու համար նրա օգտին վավեր էր համարվել 2 քվեաթերթիկ: Այժմ էլ ՀՀԿ անդամություն եւ ակադեմիկոս հայր ունեցող Արամ Սիմոնյանը համարվում է ակադեմիկոսի ամենահավանական թեկնածուն:

«Հայկական Ժամանակ»

24.12.2010

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը՝ հայկական կողմին մեղադրել է գերիի փոխանցման գործընթացը խախտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի շուրջ կրքերը թեժանում են’